Ինչի հաշվին է Հայաստանի արտահանումն աճում
Հայաստանը 2021 թվականի հունվար-հոկտեմբերին ամենախոշոր առևտրաշրջանառությունն ունեցել է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Շվեյցարիայի հետ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ըստ վիճակագրության՝ արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականի 10 ամիսներին կազմել է 6 մլրդ 537 մլն 236.3 հազար դոլար՝ 2020-ի նույն ժամանակշրջանի համեմատ աճելով 13.6%-ով:
Վիճակագրության համաձայն, արտահանումը կազմել է 2 մլրդ 410 մլն 591.2 հազար դոլար՝ 2020 թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 16.9%-ով, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ծավալներով ներմուծումը շարունակում է գերազանցել արտահանմանը: Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին ներմուծումը կազմել է 4 մլրդ 126 մլն 645.1 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.8%-ով։
Հայաստանի հետ արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությամբ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղում։ Մասնավորապես, այս տարվա հունվար-հոկտեմբերին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 33 մլն 87.9 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճելով 14.3%-ով։ Երկրորդ տեղում Չինաստանն է, որի հետ իրականացվել է 974 մլն 962.3 հազար դոլարի արտաքին և փոխադարձ առևտուր՝ ընդ որում այն 2020-ի նկատմամբ աճել է 28.2%-ով: Այնուհետև հաջորդում է Իրանը, որի հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությունը կազմել է 388 մլն 724.9 հազար դոլար (աճը՝ 17.6%-ով)։ Չորրորդ տեղում Շվեյցարիան է՝ 282 մլն 923.2 հազար դոլար առևտրաշրջանառությամբ։ Այս ցուցանիշը 2020-ի համեմատ նվազել է 30.6%-ով։
ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 2 մլրդ 272 մլն78.9 հազար դոլար, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրերի հետ Հայաստանն այս տարվա հունվար-հոկտեմբերին ունեցել է 2 մլրդ 114 մլն 80.8 հազար դոլար՝ 2020թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 13.9%-ով։ Մասնավորապես, Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալը 2021-ի հունվար-հոկտեմբերին աճել է 56.9%-ով, Ղրղզստանի հետ՝ 29%-ով, մինչդեռ Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը նվազել է 2.3%-ով։
ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 291 մլն 504.5 հազար դոլար՝ 2020-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 23.2%-ով:
Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 162 մլն 984.2 հազար դոլար՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 43.6%-ով:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանի արտահանումն աճում է հանքահումքի հաշվին (16.7%-ով): Այս տարվա հունվար-հոկտեմբերին զգալի աճել են պատրաստի սննդամթերքի (8.8%), մանածագործական իրերի (28.9%), ոչ թանկարժեք մետաղների (60.4%), սարքավորումներ և մեխանիզմների (53.4%), կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի (51.5%), բուսական արտադրանքի (41.3%)և այլ ապրանքների գծով արտահանումը:
Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 անգամ ավելացել են արվեստի ստեղծագործությունների արտահանման ծավալները՝ կազմելով 925.5 հազար դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան