Հաջորդ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ԱԶԲ-ի կանխատեսումները չեն փոխվել
Ասիական զարգացման բանկը հաջորդ տարվա համար երկու տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար և այդ կանխատեսումը չի փոփոխվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը:
Նրա խոսքերով՝ այս տարվա համեմատ հաջորդ տարի չեն ակնկալում, որ տնտեսության քայքայում կլինի, այլ կանխատեսում են, որ տնտեսությունը կունենա նույն ցուցանիշներն, ինչ այս տարի:
«Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրել, քան մենք կանխատեսում էինք: Մտահոգությունները դեռ գոյություն ունեն՝ տրանսֆերտների, օտարերկրա ներդրումների ծավալների կրճատում և այլն, բայց եղել են նաև դրական փոփոխություններ, մասնավորապես այս տարի դրական է եղել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կտրուկ աճ է գրանցվել: Միգուցե պատճառը բախտն է եղել, որ բարենպաստ եղանակ է եղել, բայց մենք չենք ակնկալում, որ հաջորդ տարի ավելի վատ կլինի»,- ընդգծեց Դեյվիդ Դոուլը: