Menu.am. պատվիրեք ու սոված քնեք
Հայաստանում, որ ամեն օր նոր զոհերի, կորուստների, ձերբակալությունների, քաղաքական առևտրի, ներիշխանական գզվռտոցի մասին լուրեր են, սպառողների շահերն ու իրավունքներն ամբողջությամբ անտեսվել են։
Երկրում ստեղծված վիճակից հաջող կերպով օգտվում է այս իշխանության օրոք էկոնոմիկայի նախարարի պաշտոն ձեռք բերած Վահան Քերոբյանի Menu.am-ը։ Վերջինը խոստանում է արագ առաքում, բայց դրա անպատասխանատու աշխատանքի հետևանքով մարդիկ սոված են մնում։ Ի դեպ, էկոնոմիկայի նախարարության աշխատանքում էլ անպատասխանատու դեպքեր հանդիպել են, բայց հիմա՝ Menu.am-ի մասին։
Ընկերությունը հերթական հակառեկորդն է սահմանել, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող քաղաքացու պատվերը տեղ է հասել մոտ 3.5 ժամ հետո, այն պարագայում, երբ կայքում առաքման տևողությունը նշվում է 45 րոպեից մինչև 1 ժամ։
Խմբագրությանը դիմած քաղաքացին պատմում է՝ սնունդը պատվիրել է 18։32-ին։ Պետք էր արագ սնվել, որպեսզի նշանակված դեղը կարողանար խմել։
Սպասել է մինչև 20։15-ը։ Այդ ընթացքում որևէ աշխատակից ընկերությունից կապ չի հաստատել ու չի տեղեկացրել, որ սննդի առաքումն ուշանում է։
«Ժամը 20։15-ին ես զանգեցի այդ ընկերություն, պատասխանող չեղավ։ Գրեցի ընկերության էջին, արձագանքող չեղավ։ ժամը 20։20-ին նորից զանգեցի, ասացին՝ առաքիչը հինգ րոպեից կմոտենա։ Ես իրենց զգուշացրեցի, որ ժամը 20։30-ին դուրս եմ գալու այդ հասցեից, եթե սնունդը բերելու են ավելի ուշ, կարող են ընդհանրապես չմոտեցնել»,-պատմում է պատվեր գրանցած քաղաքացին։
Ինչպես և ակնկալվում էր, ժամը 20։30-ին էլ սնունդը տեղ չի հասնում։ ժամը 20։36-ին քաղաքացին ընկերությանը տեղյակ է պահում, որ առաքումը չեղարկեն, քանի որ դուրս է գալիս այդ տարածքից։
«Դրանից հետո՝ ժամը 22։05-ին առաքիչն ինձ զանգում է, հարցնում է՝ Դո՞ւք էիք պատվիրել սնունդ։ Ասում եմ՝ այո, պատվիրել եմ 18։32-ին, հիմա, բնականաբար, էլ պետք չէ։ Դրանից հետո ես կատարվածի մասին տեղյակ եմ պահում ընկերության գրասենյակ։ Իմ զանգից մոտ տասը րոպե անց զանգում են ընկերությունից, ասում են՝ առաքիչը մեզ ասել է, որ Դուք հրաժարվել եք պատվերից։ Ես ներկայացրեցի պատճառը, ներողություն խնդրեցին, խոստացան գումարը վերադարձնել, բայց դա արդեն էլ էական չէ»,-ասում է քաղաքացին։
Փաստորեն ընկերությունում անպատասխանատու վերաբերմունք ունեն ոչ միայն հաճախորդների, այլև սեփական աշխատակիցների նկատմամբ։ Պատվերի չեղարկման մասին չեն զգուշացրել առաքիչին։
Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարությունն այսօր վստահել են մի մարդու, որ մենեջմենթի խնդիր չի կարողացել լուծել մոպեդներով, հեծանիվներով ծառայություն մատուցող իր ընկերությունում։
Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանից Panorama.am-ի խմբագրությունը էլ. փոստի միջոցով գրավոր նամակ ստացավ, որով մասնավորապես հայտնում է, որ Քերոբյանի հիմնադրած Menu.am ընկերությունն արդեն ավելի քան մեկ տարի է` հանձնված է կառավարման, որի գործադիր տնօրենն է Դավիթ Բաբայանը, ով չի հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ազգականը կամ ընտանիքի անդամը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին