Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղաքական բանտարկյալներ չեն եղել. Ղազինյան
«Ընդդիմադիր լինելը հանցանք չէ», «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով և կալանավորված քաղաքական գործիչների լուսանկարներով ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիները Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտից շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն:
«Իմ մեջքի հետևում ներկայացված նկարներում մարդիկ են, ովքեր մեղք են գործել, որովհետև հաղթել են այս իշխանությանը, որովհետև ստացել են իրենց համայնքներում իրենց բնակիչների քվեն: Նրանք խղճի, հաղթանակի բանտարկյալներ են: Ժողովրդավարության կեղծ քողի ներքո բռնապետական զամաշկաներ ցույց տվող այս իշխանությունը գնում է աննախադեպ ռեպրեսիաների»,- դատախազության դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով, այս մարդիկ համարձակություն են ունեցել պայքարել ադրբեջանցու դեմ, գտնվել են խրամատում, կռվել են, վիրավորվել, պայքարել, հիմա կալանավայրում են, որովհետև համարձակվել են կանգնել պաշտպանության դիրքերում:
«Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղաքական բանտարկյալներ չեն եղել: Սա աննախադեպ ցուցանիշ է: Սա պետք է արձանագրենք, որպեսզի խուլ և համր վիճակում գտնվող միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գնահատական տան այն իրավիճակին, որ տիրում է այսօր Հայաստանում»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավաստիացնելով, որ եթե այսպիսի մեկ իրադարձություն լիներ 4 տարի առաջ, մեծ աղմուկ կբարձրանար, կլինեին հայտարարություններ, դատապարտումներ, ակտիվ գործողություններ:
Ա. Ղազինյանը հիշեցրեց, որ 2021 թ. դեկտեմբեր 22-ին իրավաբան գործընկերների հետ մտել էին դատախազության շենք, հանդիպել դատախազին, որի ընթացքում պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ եթե ներկայացնեն կոնկրետ փաստեր, ապա դատախազը կստորագրի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը:
«Հետագայում պարզ դարձավ, որ, փաստորեն, ոչ միայն կան, նաև ամրագրված են գլխավոր մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքով, մասնավորապես՝ «ես եմ հրաման տվել նահանջել հայկական ինքնիշխան տարածքից և Ադրբեջանին հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքը»: Առավել խոսուն փաստ, քան ինքնախոստովանական ցուցմունքն է, երբևէ չի եղել»,- ասաց Ղազինյանը:
Նա արձանագրեց՝ եթե գլխավոր դատախազը գտնվեր իրավունքի, օրինականության իր դիրքերում, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը, իր ղեկավարած հանցավոր խումբը կլինեին կալանավայրերում, մարդիկ էլ ազատված կլինեին թուրքահպատական ադրբեջանասեր, հակահայկական քաղաքական ռեժիմից:
«Ինչևէ, այսօր գլխավոր դատախազը դադարել է լինել դատախազ, վերածվել է Փաշինյանի և նրա հանցավոր խմբի իրավական պահապան հրեշտակի:
Առաջիկայում կհայտնենք անվստահություն, ապա նաև կսկսվի իրավական գործընթաց գլխավոր դատախազին իրավական պատասխանատվության կանչելու համար»,- ասաց Արթուր Ղազինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ չեն նահանջելու, չեն հաշտվելու այս իրավիճակին, «մեր գործն արդար է, մենք կհաղթենք»:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ շենքում նստածները ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են. Ավետիք Իշխանյան
- ԲԴԽ-ն ու դատախազությունը Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք ՀՀ-ում բռնություններ իրականացնելու համար. Իշխան Սաղաթելյան
- Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
- Տոտալ տիրում է իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան