Մեր նպատակը ԵՊՀ-ի ՔՊ-ականացման դեմն առնելն է. ԵՊՀ-ում բողոքի ակցիա է և ռեկտորի ընտրություն
Այսօր Երևանի պետական համալսարանում կառավարիչ-ռեկտորի ընտրություն է: Միակ թեկնածուն ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է:
Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ-ում:
«Մեր ակցիայի նպատակն ինչ-որ կոնկրետ անձի դեմ բողոքելը չէ: Մենք կոնկրետ անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ իշխանությունը բոլոր անկախ պետական հիմնարկները հարմարեցրել է իրեն, դարձրել իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է ԵՊՀ-ում։ Մենք չենք կարող դրա դեմ չպայքարել, մեր բողոքի ձայնը չբարձրացնել»,- լրագրողներին ասաց բողոքի ակցիա իրականացնող ուսանողներից Տարոն Մանուկյանը։
Նա նշեց, որ ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու լինի։
«Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, դիրքորոշումից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,- ասաց նա։
Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
«Ամենամեծ վտանգը ԵՊՀ-ի քաղաքականացումն ենք համարում։ Կարծում եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ուսանողի, դասախոսի ազատ խոսքը լռեցնեն։ Մեր նպատակը ԵՊՀ-ի ՔՊ-ականացման դեմն առնելն է, ամեն ինչ անել, որ ԵՊՀ-ն մնա անկախ, պահանջատեր ուսանողի ձայնը տեղ հանի, ուսանողները, դասախոսները չվախենան իրենց կարծիքն արտահայտելուց, իրենց հայացքները հանրությանը փոխանցելուց»,- ասաց Տարոն Մանուկյանը:
Ուսանողի խոսքով, այս իշխանության համար միայն թանկ է սեփական աթոռը:
Հարակից հրապարակումներ`
- Երեք բուհում ռեկտորի պաշտոնի համար մրցակցություն չկա
- Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ
- ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 17-ին
- ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը
- ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է. Մենուա Սողոմոնյան