ԲԴԽ-ն ու դատախազությունը Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք ՀՀ-ում բռնություններ իրականացնելու համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստանում այսօր տեղի են ունենում համատարած ապօրինություններ ու բռնաճնշումներ, յուրաքանչյուր օր կալանավորվում են մարդիկ, ազատությունից զրկվում են անձինք իրենց քաղաքական հայացքների համար»,- ԲԴԽ մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այդ բոլոր հրահանգներն իջեցվում են հենց Բարձրագույն դատական խորհրդի շենքից ու դատախազությունից, ովքեր Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք Հայաստանում բռնություններ իրականացնելու և մեկ մարդու բռնապետություն հաստատելու համար:
«Հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր կալանավորված են բացառապես իրենց քաղաքական գործունեության համար: Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման դեմ: Սա է իրականությունը, պետք է կանխենք, վերջ դնենք այս ապօրինություններին, չարիքի կառավարությանն ուղարկենք գրողի ծոցը, որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում է մեր ժողովրդի դիմադրողականությունը, յուրաքանչյուր օր մեր երկիրը տանում է նոր պարտությունների ու զիջումների»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Նա նշեց, որ պետք է համախմբել ողջ առողջ ուժերին, ընդդիմադիր դաշտն ու հեռացնել այս իշխանությանը. «Դիմադրությունը պետք է լինի երկու ճակատով՝ դիմադրություն թշնամուն, դիմադրություն թշնամու շահերը սպասարկող այսօր Հայաստանի իշխանության ղեկին հայտնված մարդկանց: Երբ ձևավորենք համազգային դիմադրություն, թշնամին կհեռանա մեր սահմաններից, սրանք իրենց աթոռներից»:
Հարակից հրապարակումներ`
- Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
- Տոտալ տիրում է իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի
- Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում. Տիգրան Աբրահամյան
- Վաղը հավաքվում ենք ԲԴԽ դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն. Վահե Հակոբյան