Ունակ ենք պայքարելու և անակնալ մատուցելու այդ հավաքականներին. Հենրիխ Մխիթարյան
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
«Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ:
Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- ասել է Կապառոսը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով էլ ամենահեշտ խումբը չէ, «բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել»:
«Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին:
Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,- ՀՖՖ կայքին տված մեկնաբանությունում ասել է Հ.Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին կայացել է Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները: Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան