Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր ազատ արձակվեց։ Նա դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոցից», ընկերներն ու հարազատները ծափերով և գրկախառնություններով դիմավորեցին Փարամազյանին, ով կալանավորված էր այս տարվա հուլիսի 10-ից։
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել։
Լրագրողների հետ զրույցում Մանվել Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իրեն սատարող մարդկանց և բոլոր քաջարանցիներին, իր փաստաբաններին։
«Քանի որ ես վեց ամիս մեկուսացված վիճակում եմ և կտրված ամեն ինչից, չեմ կարող գործընթացների վերաբերյալ հարցերին պատասխանել։ Մոտակա ժամանակներում մենք անպայման կհանդիպենք, և ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- նշեց նա։
Մանվել Փարամազյանի խոսքով, առողջական խնդիրներ ունի, քանի ամիս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»։
«Շնորհակալ եմ աշխատողներին հոգատար վերաբերմունքի համար, բայց առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Կարծում եմ, որ երկարատև բուժում է պետք»,- ասաց Մանվել Փարամազյանը։
Նրա պաշտպաններից Երվանդ Վարոսյանն ուրախ է դատարանի այս որոշման կապակցությամբ, քանի որ Մ. Փարամազյանն ի վերջո ազատության մեջ է։
«Մնացած գործընթացների մասին այսօր մանրամասն, կարծում եմ, կարիք չկա խոսելու։ Համոզված ենք, որ ժամանակի ընթացքում դատարանում արդեն բոլորի համար պարզ կդառնա, որ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքների տակ իրականում որևէ բան չկա»,- ասաց նա։
Մյուս պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը, նշեց, որ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրված Մանվել Փարամազյանին։
«Մեղադրանքն ի սկզբանե հարուցվել է ակնհայտ ապօրինի։ Որևէ հիմք չկա, չկա ընդհանրապես գեթ մեկ ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Փարամազյանը հանցագործություն է կատարել»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Քաջարանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, ընտրվել է գրավը
- Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
- Անազատության մեջ գտնվող Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ Քաջարանի համայնքապետ
- Դատարանը Մանվել Փարամազյանի լիազորությունների կասեցման որոշումը վերացրեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան