Ամերիկացիների 48%-ը չի ցանկանում Ուկրաինայի պատճառով պատերազմել Ռուսաստանի հետ
Հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների գրեթե կեսը դեմ է, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ, եթե վերջինս ներխուժի Ուկրաինա։ Նման հետազոտություն է իրականացրել YouGov հետազոտական ծառայությունը՝ ամերիկյան Չարլզ Կոխ ինստիտուտի պատվերով, որի արդյունքները հրապարակվել են Politico պարբերականում։
ԱՄՆ-ի քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին. «Եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա, դուք կո՞ղմ, թե՞ դեմ եք, որ ԱՄՆ-ը պատերազմի Ռուսաստանի հետ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:
Հաղորդվում է, որ հարցվածների 28%-ը պատասխանել է, որ «կտրականապես դեմ է» Ռուսաստանի հետ պատերազմին, 20%-ը՝ «մասնակի դեմ»։ 9%-ը պատասխանել է, որ «կտրականապես կողմ է», իսկ 18%-ը՝ «որոշ չափով կողմ»։ Հարցին միանշանակ չի պատասխանել հարցվածների 24%-ը։
Հարցմանը մասնակցել է ինտերնետի 1000 ամերիկացի օգտատեր։