Լինենք ուժեղ, հզոր, որպեսզի մեր ներողամտությունն աստվածային առաքելություն ընկալվի. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
«Ես մասնակցում եմ ՀՀԿ-ի 17-րդ համագումարին այն համոզումով, որ համամգումարը դադարել է լինել զուտ կուսակցական մի միջոցառում»,-օրհնելով համագումարի մեկնարկը՝ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ համագումարն առավելապես մարդկանց այնպիսի խմբի հետ առնչվող միջոցառում է, որոնց գործողությունները կապված են ՀՀ անկախության պատմության կերտման հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը շեշտեց, որ այդ պատմությունը կերտվել է Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և Սերժ Սարգսյանի գործուն ջանքերով:
Նկատելով, որ ՀՀԿ-ն մի պատմություն է, որն ընդգրկում է ՀՀ-ի մաքառումների, զրկանքների և հաղթանակների ընթացքը՝ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Այսօր՝ առավել քան երբեևէ, երբ մեր երկիրն դիմագրավում է ծանրագույն փորձությունների, երբ արհավիրքը մուտք է գործել յուրաքանչյուր հայի օջախ, առավել քան անհրաժեշտ է ազգային, հոգևոր լիցքերով զինավառված այդպիսի գաղափարախոսություն կրող, քաղաքական, հասարակական, ազգային ուժերի համախմբումը և գործուն մասնակցություն, ներգրավվածություն ազգային-հասարակական մեր կյանքին»:
Շեշտելով, որ այսօր հայ ժողովրդին պարտադրվում է խաղաղության օրակարգ՝ Էջմիածնի դիվանապետը հիշեց Հանրապետական կուսակցության հոգևոր գաղափարական հոր՝ Նժդեհի խոսքերը.«Խաղաղությունը ոչ թե նվիրվում է, այլ նվաճվում»:
«Խաղաղությունը ձեռք բերելու համար, մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլությունը և տկարությունը»,-հայտնեց հոգևոևականը և շեշտեց, որ Նժդեհը լավագույնս է ձևակերպել Քրիստոսի կերպարը, այն դեպքում երբ նրան բազմիցս մեղադրել են ոչ քրիստոնեական գաղափարախոսություն տարածելու համար:
«Ներողամտությունն ուժեղների առանձնաշնորհն է»,-ասում է Նժդեհը: Ներողամտությունն արժեք է ստանում, երբ դսևորվում է այն դեպքում, երբ կարող է չդրսևորվել: Սիրելի պատվիրակներ՝ լինենք ուժեղ, հզոր որպեսզի մեր ներողամտությունն աստվածային առաքելություն ընկալվի և ոչ՝ ընդամենը թուլություն և տկարություն»,-խոսքն ամփոփեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: