Արտակ Դավթյանը խոստովանեց՝ Սյունիքում զորքերը հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա. Գեղամ Մանուկյան
«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել և Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա»,- այսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ մեկ տարի շարունակ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ՊՆ-ն Հայաստանի քաղաքացիներից թաքուն են պահել, խուսափել են բարձրաձայնել փաստաթղթի մասին և միայն մեկ տարի հետո՝ ի պատասխան իր գրության, նախորդ շաբաթ օրը ԶՈւ Գլխավոր շտաբի պետը գաղտնի գրությամբ փաստեց, որ իրականում եղել է գրավոր փաստաթուղթ:
«Շատ անակնկալ վերջերս ստացա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պատասխանը, նրա ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել էր ինձ հասցեագրված պատասխան, որը գաղտնի է և իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակել»,- հայտնեց պատգամավորը՝ ներկայացնելով պատասխանի ընդհանուր բովանդակությունը:
Ասուլիսին մասնակից «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավոր Աննա Գրիգորյանն ամփոփեց, որ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են մի փաստաթուղթ, որով և մեր զորքերը հետ են քաշվել:
«Մենք մեկ տարի հետո ի վերջո բացահատեցինք, որ բոլորիս մեջքի հետևում ստորագրված է եղել մի փաստաթուղթ, որով Սյունիքի անվտանգությունը դրվել է շատ մեծ հարցականի տակ, չնայած նրան, որ այդ գործողություններն անում են, որ ապահովեն Սյունիքի անվտանգությունը»,- հայտնեց պատգամավորը:
Նա նկատեց, որ նույն ձևով գաղտնի բանակցություններ են գնում նաև Թուրքիայի հետ:
Մինչ այդ Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանցիներն իրենց GPS սարքերով Սյունիքում մտնում էին հայկական գյուղեր և ասում էին, որ այն իրենց տարածքն է, որտեղ պետք է տեղակայվեն:
«Ադրբեջանցիները GPS-ով գծում էին մեր սահմանները և Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն էլ ասում էին, որ այն բանավոր փոխըմբռնման հիման վրա է արվում, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էր, որ զորքերը պետք է մնան իրենց տեղերում»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ ինքը և Գեղամ Մանուկյանը բազմաթիվ գրություններ են ուղարկել ՀՀ իրավասու պետական մարմիններին՝ պարզելու համար, թե ինչ իրավական փաստաթղթի վրա է տեղի ունեցել այդ գործընթացը:
Նա նաև նկատեց որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկ ասում էր, որ բանավոր փոխըմբռնման վրա է արվել, հետո ասում էր նման բան չկա, մեկ էլ նշում էր գրավոր փաստաթղթի վրա պետք է տեղի ունենար այդ ամենը, հետո պնդում, որ այն փաստաթղթի վրա տեղի չի ունեցել:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում իրեն միայն հաջողվել էր պարզել որ ՀՀ-ի և ՌԴ սահմանապահ ծառայությունների ղեկավարների միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունքում է Գորիս-Դավիթ Բեկ-Ճակատեն հատվածն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ հիմնական հարցի պատասխանը ստանալու համար գործել են որպես պատգամավոր, բայց իրենց գործողությունները լրագրողական հետաքննության տարր էր պարունակում:
Նա հայտնեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա բազմաթիվ ուղիղ և խաչաձև հարցումներ են իրականացրել Աննա Գրիգորյանի հետ և միայն շաբաթ օրն է հաջողվել ստանալ գլխավոր հարցի պատասխանը:
Գեղամ Մանուկյանը նեշց, որ տեղեկատվությունը քաղաքացիներից և պատգամավորներից թաքցնելու և սխալ տեղեկություն տալու իշխանությունների գործողություններին իրավական ընթացք կտրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան