Պուտինը հայտնել է, որ տարեսկզբից Ռուսաստանում կանխվել է 32 ահաբեկչություն
Ռուսական անվտանգության մարմիններին հաջողվել է կտրուկ նվազեցնել ահաբեկչական սպառնալիքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այս տարվա 11 ամսում կանխվել է 32 ահաբեկչություն։
«Վերջին տարիներին գրանցվել են զգալի հաջողություններ և ընդհանուր առմամբ դրական դինամիկա այս դժվարին, չափազանց պատասխանատու ոլորտում: Մեզ հաջողվել է հասնել ահաբեկչական սպառնալիքի կտրուկ նվազման»,- ասել է ՌԴ նախագահն անվտանգության ծառայությունների աշխատակիցների օրվա կապակցությամբ Zvezda TV կայքում տեղադրված տեսաուղերձում:
Պուտինի խոսքով՝ վերջին 11 տարիների ընթացքում կանխվել է ավելի քան 200 ահաբեկչություն, իսկ ահաբեկչական հանցագործությունների թիվը, որոնք կատարվել են այս ընթացքում, բազմապատիկ նվազել են։ Նա ընդգծել է, որ նման հանցագործությունների ճնշող մեծամասնությունը կանխվում է նախապատրաստման փուլում։
«Այսպիսով, անցնող տարվա 11 ամիսների ընթացքում ձեր համակարգման և արդյունավետության շնորհիվ կանխվել է 61 նման հանցագործություն, այդ թվում՝ 32 ահաբեկչություն: Սա լավ արդյունք է, բայց դեռ շատ խնդիրներ կան»,- անվտանգության աշխատակիցներին դիմել է ՌԴ նախագահը։