«Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալը կարելի է հասցնել միլիարդի»
Թեհրանում՝ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ելույթի մեջ ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, տարբեր ոլորտներում ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նախադրյալները և նոր քաղաքական պայմաններում զարգացման հնարավոր ուղղությունները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը ներկայացնելիս նա նշել է, որ նպատակը տարբեր երկրների հետ բազմաբնույթ տնտեսական կապերի հաստատումն ու եվրասիական տարածաշրջանի հնարավորությունների օգտագործումն է: Նա ընդգծել է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ «Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները զրոյական մաքսատուրքերով արտահանվում են միության անդամ երկրներ:
Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ միևնույն ժամանակ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շնորհիվ հայկական բազմաթիվ ապրանքատեսակներ զրոյական կամ ցածր մաքսատուրքերով կարող են արտահանվել ԵՄ անդամ 28 երկրներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել արտասահմանյան ներդրումներին` հավելելով, որ իրանական ընկերությունները հումք կամ կիսապատրաստի ապրանքներ ներմուծելով Հայաստան այն կարող են վերածել վերջնական արտադրանքի և արտահանել երրորդ երկրներ՝ օգտվելով Հայաստանի արտաքին առևտրի վերոնշյալ արտոնյալ տարբեր ռեժիմներից:
Իր խոսքում Կարեն Ճշմարիտյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիները՝ «Ալյանսը» և «Մերիդիանը»: Նա նաև անդրադարձել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմամբ հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին:
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն իր ելույթի մեջ նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքականին և մեծ ներուժ կա առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար:
Նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն ասել է, որ իրանական ինժեներատեխնիկական և կապալառու ընկերությունները, որոնք հայկական կողմի հետ աշխատանքի փորձ ունեն, կարող են ընդլայնել իրենց ծառայությունները Հայաստանում:
Մոհամմադռեզա Նեմաթզադեն ողջունել է Հայաստանում իրանական գործարար շրջանակների կողմից ներդրումներ կատարելու նախարար Ճշմարիտյանի առաջարկությունը և նշել, որ իրանցի գործարարները Հայաստանում կարող են համատեղ արտադրություններ հիմնել, և այդ արտադրանքը, բացի Հայաստանի կարիքները հոգալուց, կարող է արտահանվել հարևան երկրներ:
Իրանցի նախարարը ընդգծել է ԵԱՏՄ հետ արտոնյալ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների արագացման անհրաժեշտությունը, քանի որ ինչքան շուտ այդ պայմանագիրը կյանքի կոչվի, այնքան արագ տեմպերով տեղի կունենա երկողմ առևտրատնտեսական աճը: Մոհամմադռեզա Նեմաթզադեն նաև ներկայացրել է Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հայկական կողմի հետ ընթացող քննարկումները:
Բանախոսներն իրենց ելույթների մեջ նշել են, որ երկկողմ առևտրաշրջանառության ներկա ծավալը, որը կազմում է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար, կարելի է հասցնել մեկ միլիարդի:
Համաժողովի պաշտոնական մասի ավարտին Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության և Իրանի արտահանումների երաշխավորման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան