Մարզիչ Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը. Արմեն Մելիքբեկյան
«Բոլորի համար ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը տարվա ընթացքում երկու հավասար մասերի բաժանվեց՝ գարնանային, երբ երեք խաղերում և ընկերական հանդիպումներում եղան փայլուն հաղթանակներ և աշնանային հատվածը, երբ եղան պարտություններ և ոչ-ոքիներ»,-տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Նա նկատեց, որ գարնանային հաղթանակները մեծացրին ազգային հավաքականից ակնկալիքների նշաձողը, դրա պատճառով էլ աշնանային պարտություններից մեծ հիասթափություն արձանագրվեց ֆուտբոլասերների մոտ:
Մելիքբեկյանն առաջարկեց ողջ թիմի խաղը գնահատել մրցաշարի ընթացքում հավաքած 12 միավորներով, որը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի պատմության մեջ երկրորդ նման բարձր արդյունքն էր:
Անդրադառնալով Ազգերի Լիգայի առաջիկա մրցաշարին ՀՀ հավաքականի մասնակցության հարցին՝ Մելիքբեկյանը նկատեց, որ բարդ մրցաշար է սպասվում, քանի որ ՀՀ-ն ընդգրկվել է ոչ այդքան հեշտ խմբում։
«Բարդ մրցակիցներ ունենք և խնդիրը Բ լիգայից հաջողությամբ դուրս գալն է։ Կարծում եմ, մրցունակ կլինենք այս խմբում»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը։
Նա տեղեկացրեց, որ թիմի մարզիչ Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը, և հետագա ընթացքը դեռ քննարկման փուլում է։
«Խոակին Կապառոսը պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը և դեռ քննարկում չունենք, թե ինչ է լինելու դրանից հետո, քանի որ վիճակահանությունը նոր է եղել, դեռ կունենանք ևս մեկ քննարկում գլխավոր մարզիչի հետ, կհասկանանք առաջիկա տարվա ընկերական հանդիպումները և կորոշենք հետագա անելիքները։ Դեռ պայմանագիրը ուժի մեջ է և կշարունակենք Խոակին Կապառոսի հետ աշխատել մինչև պայմանագրի ավարտը»,- ասաց ՀՖՖ նախագահը։
Խոսելով ֆուտբոլի բարեփոխումների մասին՝ նա հայտնեց, որ հաջորդ տարում մի քանի մարզերում նոր մարզադաշտեր կշահագործվեն, որոնք կնպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը։
«Արմավիրի մարզում կունենանք մարզադաշտ, որտեղ ունենք «Սարդարապատ» թիմ։ Աբովյանի և Վանաձորի ստադիոնները նույնպես շուտով շահագործման կհանձնվեն, որը հնարավորություն է մեր թիմերի համար վարձակալել և այնտեղ անցկացնել իրենց մարզումները», -ասաց Արմեն Մելիքբեկյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ «Միկա» մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային չի հանձնվել, չնայած նման գործընթացը կա։
Մելիքբեկյանի խոսքով՝ սիրողական առաջնության մեկնարկը կարևոր նշանակություն ունի հայկական ֆուտբոլի զարգացման համար և այն հնարավորություն է զինծառայությունից հետո վերսկսել սիրողական առաջնությունում՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում հետագայում շարունակել հնարավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան