ԲԴԽ-ում դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա հարցաքննել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին
Բարձրագույն դատական խորհուրդում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանավարության ենթարկելու միջնորդության քննությանը դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդեց սույն գործով որպես վկա հրավիրել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին՝ պարզելու, թե կոնկրետ որ արտահայտությունների համար է լրագրող Ասլանյանը հայցադիմում ներկայացրել ընդդեմ Սաֆարյանի, որ արտահայտությունն է դիտարկվել որպես վիրավորական և ինչպես է պատասխանողն ընկալել իր դեմ հայցը:
Բացի այդ Ս.Սահակյանը միջնորդեց լեզվաբանական փորձաքննություն նշանակել։
«Կարգապահական վարույթն առնչվում է նրան, որ դատավոր Նախշքարյանը դուրս է եկել հայցի առարկայի և հիմքերի սահմաններից»,- նշեց նա։
ԲԴԽ-ն՝ վկաներ հրավիրելու վերաբերյալ Ս. Սահակյանի միջնորդության լուծումը որոշեց հետաձգել հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո։ Լեզվաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության քննարկումը կամ լուծումը նույնպես հետաձգվեց հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո։
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը: Այս վարույթը հարուցվել է դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա:
«Փաստինֆոն» գրել էր, որ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»: Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը «դժգոհ» է մնացել և հաղորդում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ արդեն երկու կարգապահական վարույթով որոշում կայացրել է. ԲԴԽ-ն միջնորդություններից մեկը մերժել էր, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով», կիրառել խիստ նկատողություն։
Զարուհի Նախշքարյանին արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Եվս մեկ նկատողություն Զարուհի Նախշքարյանին, նրա՝ դատավորի լիազորությունները կդադարեցվեն։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին