Գերմանիայի ՊՆ-ն՝ ՌԴ ղեկավարության դեմ պատժամիջոցների մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հանդես է եկել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության դեմ անձնական պատժամիջոցների կիրառման օգտին՝ Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում։ Նման հայտարարություն նա արել է Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի Լիտվա իր այցից առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին մենք պետք է նպատակ դնենք Պուտինի և նրա շրջապատի նկատմամբ պատժամիջոցները»,- ասել է նախարարը, որի կարծիքով, «ագրեսիայի համար պատասխանատու անձինք» պետք է զգան հակամարտության սրման հետևանքները։
«Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած միջոցների ամբողջ շրջանակը», - հավելել է Լամբրեխտը՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք 2» նախագծի դադարեցման հնարավորության մասին հարցին:
«Ես մեծ մտահոգությամբ եմ հետևում, թե ինչ է կատարվում այնտեղ (Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններին): Ես շատ լավ հասկանում եմ ուկրաինացիների մտավախությունները։ Հետևաբար, ես կիրակի իմ առաջին այցն եմ կատարում Լիտվա, որտեղ կայցելեմ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր և կհասկանամ՝ ինչպես են զինվորները տեսնում իրավիճակը», - բացատրել է նա:
Սակայն Լամբրեխտը զուսպ է արձագանքել նախկին Խորհրդային Միություն ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին։
«Մենք պետք է սպառենք դիվանագիտության և տնտեսական պատժամիջոցների բոլոր տարբերակները», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ «բոլոր հետագա քայլերը պետք է սերտորեն համաձայնեցվեն (ՆԱՏՕ) դաշինքում»։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մինչ այժմ խուսափում էր Մոսկվայի հասցեին նման կոշտ հայտարարություններից։