Թումո տուփեր բացվեցին Կապանում, Սևանում և Վայքում
Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման շրջանակներում այսօր Թումո տուփեր են բացվել Կապանում, Սևանում և Վայքում: Այս մասին տեղեկացնում են կենտրոնից։
«Բացման միջոցառմանը Թումոյի ղեկավարությանը և աջակիցներին միացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներն ու Թումո տուփերի ապագա ուսանողները:
Կապանում Թումո տուփը կգործի մեկ տարի, ինչից հետո դրան կփոխարինի ամբողջական Թումո կենտրոն քաղաքի պատմական կայարանի շենքում, որը ներկայումս վերականգնվում է Ջուդի Սարյանի և Վիկտոր Զարուգյանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ։ Սևանի և Վայքի տուփերը կկցվեն համապատասխանաբար Դիլիջանի և Եղեգնաձորի Թումո կենտրոններին։
Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է. «Այսօր անչափ ուրախ ենք բացել ևս երեք Թումո տուփ: Համայնք առ համայնք, մենք հասնում ենք Հայաստանի և Արցախի բոլո՛ր պատանիներին։ Թումո Հայաստան նախաձեռնության շնորհիվ գալիք տարիներին կբացվեն բազմաթիվ կենտրոններ և տուփեր, և հենց հաջորդը կլինի Թումո տուփի բացումը Մարտակերտում հունվար ամսին։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին՝ հազարավոր պատանիների կրթական մեծ հնարավորություններ ընձեռելու համար»։
Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ:
Տուփերի բացումը հնարավոր է դարձել Թումո Հայաստան ծրագրին միացած բարերարների շնորհիվ: Կապանի Թումո տուփը բացվեց Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի և անանուն բարերարների, Վայքինը` Արմինե և Արա Թավիթեանների, իսկ Սևանինը` անանուն բարերարների աջակցությամբ։
Կապանում տուփի գործարկմանը ներկա Կարապետ Պարտագճեանը նշել է. «Աջակցության համար կազմակերպություններ ընտրելիս, մենք նշել էինք նպատակներ, որոնց կցանկանայինք հասնել այդ միջոցներով։ Դրանք էին ուղղակի աջակցությունը ընտանիքներին և միջինից երկարաժամկետ կրթական հնարավորությունները երեխաների համար։ Իմանալով Թումոյի պատմության և Կապանում Թումո տուփ բացելու նրանց մտադրության մասին շատ ոգևորվեցինք՝ դա այն էր, ինչին ցանկանում էինք հասնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին