«Menu.am-ը մոլորեցնում է սպառողին. Մրցակցային մարմինը պետք է արձագանքի»
Սննդի առաքման ծառայություն մատուցող Menu.am ընկերությունը մոլորեցնում է սպառողին։ Նման գնահատական տվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով Menu.am-ի աշխատանքից դժգոհ քաղաքացու բողոքին։
Հիշեցնենք, որ այս իշխանության օրոք էկոնոմիկայի նախարարի պաշտոնին նշանակված Վահան Քերոբյանի հիմնադրած Menu.am-ից սպառողը պատվերը կատարել էր ժամը 18։32-ին, սնունդ տեղ էր հասել ժամը 22։05-ին, որ պատվեր կատարած անձն այն արդեն չեղարկել էր ու այդ տարածքում չէր գտնվում։ Մինչդեռ ընկերությունը խոստանում է արագ առաքում, որը կտևի միջինը 40 րոպե, նույնիսկ 15 րոպեում։
«Նմանատիպ խնդիրների կարգավորման համար շատ կարևոր է, որ կամայական բիզնես հասկանա՝ իր կողմից գովազդվող տեղեկատվության հետևից գալու է համապատասխան մարմինն ու կիրառելու է սանկցիա»,-նշեց Պիպոյանը։
Նա մանրամասնեց, եթե ընկերությունը գովազդում է առաքման տևողություն, որը միակ ինֆորմացիան է պատվերի տեղ հասնելու մասին, պատվերի դեպքում հետադարձ կապ չեն հաստատում ընկերությունից, չեն տեղեկացնում, որ օրինակ փողոցում խցանում է ու պատվերը կլառաքվի ոչ թե 40 րոպեից, այլ երկու ժամից, ապա այս պարագայում գործ ունենք ոչ թե անփույթ աշխատանքի հետ, այլ բացառապես մոլորության հետ։
«Այս պարագայում պետք է և կարող է քայլեր ձեռնարկել մրցակցային մարմինը»,-ընդգծեց նա։
ՀԿ նախագահն առաջիկայում մասնակցելու է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկելու են զեղչերի, ակցիաների ժամանակ սպառողներին մոլորեցնելու վերաբերյալ իրավական կարգավորումը։
«Կարծեք մրցակցային մարմինը ցանկանում է սպառողին մոլորեցնելու հոդվածով ինչ-որ քայլեր անել, և օրենսդրություն է մշակում։ Բայց ըստ էության, օրենսդրություն մշակելն ու օրենսդրություն կիրառելը տարբեր բաներ են։ Շատ կարևոր է, որ հենց Menu.am-ի նման գործերն ընդունվեն վարույթ, որպեսզի հասկանանք, թե ինչ գործիքակազմով ու ինչ ազդեցությամբ կարող ենք քայլեր ձեռնարկել»,-նշեց նա։
Պիպոյանի խոսքով, հանձնաժողովը պետք է գնա յուրաքանչյուր բողոքի հետևից՝ կլինի քաղաքացու բողոքը, մամուլի հրապարակումը, թե մեկ այլ տեսքով, դա արդեն հարցի մյուս կողմն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան