«Revive» աքսելերացիոն ծրագրի չորս հաղթող ստարտափ ստացել է դրամաշնորհ
Երևանում կայացել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակ տեխնոլոգիաների զարգացման «Revive» աքսելերացիոն ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը։
Հիմնադրամից հայտնում են, որ տեխնոլոգիական աքսելերատորի նպատակը տեղի և արտասահմանյան ստարտափների կարողությունների զարգացումն ու նրանց ընթացիկ գործունեության ընդլայնումն էր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը նպաստող օժանդակ տեխնոլոգիաների մշակմանը:
Վետերանների աջակցման «Revive» ծրագիրը ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի նախագծերից է, որն իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
«Revive»-ին մասնակցության հայտ էր ներկայացրել յոթ երկրի 18 ստարտափ, այդ թվում՝ հայկական ընկերություններ, որոնցից 12-ն են մասնակցել հինգշաբաթյա աքսելերացիոն ծրագրին: Մասնակիցները FAST-ի աջակցությամբ լրամշակել են իրենց լուծումները, ծանոթացել տեղական և միջազգային շուկա մուտք գործելու, առողջապահական անհրաժեշտ հավաստագրեր ստանալու կարգին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն բիզնեսի զարգացման այլ ուղղություններով:
Փակման արարողության ժամանակ հայտարարվել են հաղթող ճանաչված չորս ընկերությունները, որոնք Հայաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից են: Իմպլանտներ արտադրող հայկական AIP Tech ստարտափը ստացել է 7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, մյուս երեքը՝ ամերիկյան Key2Enable-ը, իրանական Sheral-ը և հայկական Oqni-ն արժանացել են 2 հազարական ԱՄՆ դոլար պարգևի:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է, որ աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ ունի օժանդակ տեխնոլոգիաների կարիք։ Ըստ որոշ գնահատականների՝ 2030-ին այդ թիվը կարող է հասնել երկու միլիարդի:
«Այս ամենի մեջ լավ լուրն այն է, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել օժանդակ տեխնոլոգիաներով: Եվ մեր հանձնառությունն է աջակցել տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններին, որպեսզի նրանց օգնությամբ արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն ստեղծենք հատուկ կարիքներով անձանց համար»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:
Նաթիա Նացվլիշվիլին իր երախտիքի խոսքը հայտնեց գործընկերներին ու մասնակից ստարտափներին՝ հույս հայտնելով, որ այն կարևոր ու շահավետ փորձառություն էր նրանց համար:
Միջոցառման ընթացքում հաղթող ճանաչված ստարտափները տեսակապի միջոցով ներկայացրին իրենց տեխնոլոգիական լուծումներն ու դրանք Հայաստանում կիրառելու հեռանկարը:
«Revive»-ը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող վետերանների աջակցմանն ուղղված ավելի մեծ աշխատանքի մաս է՝ UNDP Tech2Life «Օժանդակ տեխնոլոգիաները՝ ինքնաբավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում։
«Revive» ծրագրի հաղթող ստարտափների մասին
AIP Tech-ն իմպլանտներ արտադրող հայկական ստարտափ է, որն օգտագործում է 3D տպիչ՝ կենսաքայքայվող և բիոակտիվ հարմարեցված իմպլանտներ արտադրելու համար։
Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 7,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` արտոնագրի հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու համար:
Oqni-ն արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական ստարտափ է, որը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն։
Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրում ստանալու նպատակով մասնագիտական աջակցություն ձեռք բերելու համար:
Sheral-ը իրանական ընկերություն է, որն արտադրում է ստորին վերջույթների պրոթեզներ՝ օգտագործելով ածխածնային մանրաթել։
Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրեր և հաստատումներ ստանալու նպատակով մասնագիտական աջակցություն ձեռք բերելու համար:
Key2enable-ն ամերիկյան ստարտափ է, որն առաջարկում է թվային հասանելիության նորարար գործիքներ, որոնք օգնում են հաղորդակցմանը, ուսմանը և ներառականությանը: