Պատվաստումից հետո COVID-19-ով վարակումը կարող է սուպեր իմունիտետ ստեղծել վիրուսի բոլոր շտամների նկատմամբ
Շատ մասնագետներ պնդում են, որ կորոնավիրուսի դեմ ամենաուժեղ իմունային պատասխան ունեն այն մարդիկ, որոնք հիվանդացել են COVID-19-ով, իսկ հետո պատվաստվել։ Ոչ մեծ լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաարդյունավետ պաշտպանությունը կարող է ապահովվել հատկապես Pfizer-ով պատվաստումից հետո վարակման դեպքում։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network ամսագրում։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, Օրեգոնի համալսարանի մոլեկուլյար կենսաբանները վերցրել են պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակված 26 պացիենտի արյան շիճուկները, ինչպես նաև ևս 26 մարդու նմուշներ, որոնց մոտ պատվաստումից առաջ COVID-19-ով վարակում չի եղել։ In vitro հետազոտությունում գիտնականները գնահատել են վիրուսի «Դելտա» շտամի դեմ բոլոր շիճուկների չեզոքացնող հատկությունը, որն այսօրվա դրությամբ գերակշռող է շատ երկրներում։
Պարզվել է, որ հակամարմինների մակարդակը պատվաստումից հետո վարակված պացիենտների շիճուկի նմուշներում եղել է մոտավորապես 1000 տոկոսով ավելի բարձր և ավելի արդյունավետ կենդանի վիրուսի դեմ այն խմբի համեմատ, որը պատվաստվել էր երկու շաբաթ առաջ։
Պատվաստումից հետո վարակման 26 դեպքերից 10-ը վարակված էր «Դելտա» շտամով, 10-ը՝ ալֆա և կորոնավիրուսի «օրիգինալ» տարբերակով, մյուս բոլոր շտամները նույնականացնել չի հաջողվել։ Ամենաուժեղ չեզոքացնող հատկությունն ունեցել են այն պացիենտների արյան պլազմայի նմուշները, որոնք վարակված էին «Դելտա» շտամով։
«Մենք հատուկ չենք հետազոտել «Օմիկրոն»-ը, բայց սպասում ենք, որ պատվաստումից հետո վարակներն այդ շտամից առաջ կբերեն նույնքան ուժեղ իմունային պատասխան պատվաստված մարդկանց մոտ։ Մեր արդյունքները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ պատվաստված պացիենտները, որոնք հետագայում վարակվել են, սուպերիմունիտետ ունեն»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ֆիկադու Թաֆեսեն։
Գիտնականների խոսքով՝ քանի որ սա լաբորատոր հետազոտություն է, դրա արդյունքները չի կարելի միանշանակ գնահատել, և ավելի ճշգրիտ տվյալները կստացվեն պացիենտների տարբեր խմբերի երկարատև դիտարկումներից հետո, նշել են գիտնականները։