ԱՀ Պետնախարարն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 21-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին, այցելել է ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ: Պետական նախարարը տեղեկացրել է, որ կարանտինի պայմանների մեղմացման հարցը, հաշվի առնելով հատկապես համավարակի լարվածության առկա նվազումը, լրացուցիչ քննարկումների փուլ է անցնում, և առաջիկայում նոր որոշում կկայացվի:
Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է, որ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները և զարգացած բազմաթիվ երկրների փորձը՝ անհրաժեշտ է լուրջ բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ինքնակամ անցնեն պատվաստման ամբողջական կուրսը և փրկեն կյանքեր:
Պետական նախարարը կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու հանրային բարձր գիտակցությունը՝ կարանտինի պայմաններում կառավարության կողմից սահմանված սահմանափակումներին խստորեն հետևելու հարցում:
Առողջապահության նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես հանդես են եկել ելույթներով ու պատասխանել հարցերին՝ ընդգծելով հանրային առողջության պահպանման գործում բուժաշխատողների ոչ միայն մասնագիտական, այլ նաև իրազեկման կարևոր դերակատարությունը:
Ա. Բեգլարյանը և Մ. Հայրիյանը կենտրոնի անձնակազմի հետ քննարկել են նաև ծննդատան շենքային ու նյութական ապահովվածությանն առնչվող որոշ հարցեր՝ տեղեկացնելով, որ անձնակազմը կյանք պարգևելու իր առաքելությունը շուտով իրականացնելու է լայն հնարավորություններով ժամանակակից ծննդատան նոր շենքում»,- ասվում է հաղորդագրությունում: