«Գիտուժ»-ի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում
«Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ, որում ասված է.
«Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովն ընդունեց 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Համաձայն օրենքի՝ 2022թ. «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով (դասիչ 1162) նախատեսված է հատկացնել մոտ 25.15 մլրդ. դրամ : Համեմատելով 2021թ. բյուջեում նույն տողով նախատեսված հատկացումների հետ, որոնք պետք է կազմեին մոտ 13.76 մլրդ. դրամ, կարող ենք գրանցել նախատեսված հատկացումների մոտավորապես 83% աճ:
Պարզաբանում. Կառավարության՝ մարտի 18-ի 371-Ն (կրճատում) և ապրիլի 8-ի 524-Ն (ավելացում) բյուջեում վերաբաշխումների մասին որոշումների համաձայն գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2021թ. հատկացումներն ավելացվել էին գումարային 2 մլրդ. դրամով՝ կազմելով մոտ 15.76 մլրդ. դրամ: Սա նշանակում է, որ 2021թ. փաստացի հատկացումների համեմատ 2022 թ. նախատեսվում է մոտ 60% աճ:
Հայաստանում գիտական էկոհամակարգի արագընթաց առողջացմանը և զարգացմանը միտված պայմաններ ստեղծելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կառավարությանը ու Ազգային Ժողովին ուղղված իր պահանջում [2] կոչ էր անում կատարել առնվազն երեք գործողություն.
1. 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումները:
2. ՀՀ գիտության բնագավառը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնելով 2024թ. հասցնել բյուջեի առնվազն 4%-ին (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
3. Լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, բյուջեի աստիճանաբար աճի հանձնառության հիման վրա ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ:
«Գիտուժ» նախաձեռնությունը, հաշվի առնելով գիտության 2021թ. բյուջեի և 2022թ. նախատեսած բյուջեի աննախադեպ ավելացումները, առաջին կետը համարում է ուշացումով կատարված։ Կարևոր է ընդգծել նաև գիտնականների բազային աշխատավարձերի աստիճանաբար ավելացման մասին Կառավարության մայիսի 13-ի 747-Լ որոշումը և 2022-2025թթ. գիտության համար հատկացումներն ամեն տարի 3-5 մլրդ. դրամով ավելացնելու մասին ապրիլի 14-ին վարչապետի ԱԺ-ում կատարած հանրային խոստումը:
Ողջունում ենք Կառավարության այս գործողությունները և ակնկալում ենք, որ 2022 թ. գիտության համար բյուջեով նախատեսված հատկացումները կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով՝ առանց որևէ կրճատումների:
Դրական առաջընթացն արձանագրելով և ողջունելով հանդերձ՝ պետք է արձանագրենք, որ դեռ անկատար են մնում մեր պահանջի երկրորդ և երրորդ կետերը։
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների և ռիսկերի առջև։ Այդ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերը մեղմելու կամ ամբողջությամբ վերացնելու գործընթացը կարող է հիմնված լինել միայն ամենաարդիական գիտահետազոտական և փորձարարական կարողությունների վրա՝ թե՛ մաթեմատիկական-բնագիտական, թե՛ հասարակական ու հումանիտար գիտությունների մեջ: Ամեն օր հապաղելով ու հետաձգելով համարձակ հանձնառության վրա հիմնված պետական կարիքներից բխող ռազմավարության մշակումը և իրագործումը՝ մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում մեր առջև ծառացած մարտահրավերներից բխող վտանգների և ռիսկերի իրականացման համար։
Գիտուժի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում և հետևողական է լինելու վերոնշյալ պահանջների ամբողջական և շուտափույթ կատարմանը»։
Հիշեցնենք, որ նախաձեռնության 2-րդ և 3-րդ կետերում ասված է.
2. ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. – բյուջեի առնվազն 2%, 2023թ. – բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած – բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
3. Միայն առաջին և երկրորդ գործողությունները կատարելուց հետո լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ջիվանյան. Գիտության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն առաջարկելիս հաշվի առե՞լ են ռիսկերը
- «Գիտուժ». Նախատեսված օրենսդրական փոփոխությունները կարող են լրջագույն վնաս հասցնել գիտական արդյունքի աճին միտված գործընթացին
- «Գիտուժ»-ի անդամներ. Գիտության ֆինանսավորման ավելացումը դրական քայլ է, բայց ոչ բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան