Նուր-Սուլթանում մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հանդիպումը
Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հերթական միջազգային հանդիպումը մեկնարկել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին Նուր-Սուլթանում՝ Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի կառավարության պատվիրակությունների խորհրդակցությամբ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, իսկ սիրիական կառավարական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Այման Սուսանը։
«Մենք ուրախ ենք ողջունել սիրիական պատվիրակությանը: Ինչպես միշտ, այստեղ՝ Ղազախստանի մայրաքաղաքում, խորհրդակցությունները մենք սկսում ենք մեր սիրիացի ընկերների հետ հանդիպումից»,- ասել է Լավրենտևը և հավելել. «Մենք շատ բան ունենք քննարկելու, առաջին հերթին՝ Սիրիայում ուղղակիորեն ստեղծվող իրավիճակը, այն միջոցները, որոնք մենք կարող ենք համատեղ ձեռնարկել այն կայունացնելու համար»:
Դեկտեմբերի 21-22-ը Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվում է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 17-րդ միջազգային հանդիպումը։ Ակնկալվում է, որ խորհրդակցությունների մասնակիցները կքննարկեն Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, ապա էսկալացիայի գոտիներում կայունություն պահպանելու խնդիրները՝ Աստանայի գործընթացում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել Բռնի ազատազրկված անձանց հարցերով աշխատանքային խմբի նիստ՝ երաշխավոր երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ։