«Հայաստանն առաջին անգամ է գնում հարաբերությունների կարգավորման՝ բավարարած լինելով Թուրքիայի բոլոր նախապայմանները»
«Նույն հիմնահարցը կար նաև Թուրքիայում՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրության ժամանակ, երբ Էրդողանի թիմը պարտվեց, այդ պատճառով էլ այնտեղ նորից էին ուզում ընտրություններ կազմակերպել»,- մամուլի ասուլիսում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի ՏԻՄ ընտրություններում պարտությունից հետո իշխանության դրսևորած վարքի և Թուրքիայի ընտրություններում Էրդողանի վարքի միջև:
Նա նկատեց, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի շատ գործընկերներ շատ հեռու են ժողովրդավարությունից՝ բերելով Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի օրինակները և նկատեց, թե դրա պատճառն այն է, որ շատ դեպքերում ժողովրդավարական արժեհամակարգերը հետ են մղվում, քանի որ կան ռազմավարական շահեր:
«Թուրքիան ժողովրդավարական որևէ ցուցիչով չի համապատասխանում ԱՄՆ ժողովրդավարության չափանիշներին, նույնիսկ Ժողովրդավարության գագաթնաժողովում Թուրքիան հրավիրված չէր, քանի որ լուրջ խնդիրներ ունի»,- ասաց Սարգսյանը և նկատեց՝ այն չի խանգարում, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար ռազմավարական գործընկեր լինի թե՛ ՆԱՏՕ-ի գծով, թե՛ երկկողմ հարաբերություններում:
Բնական համարելով, որ երկու հարևան պետությունները հարաբերությունները պետք է մի օր կարգավորեն՝ միջազգայնագետը կարևորեց հարցը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ո՞ր կողմի զիջումների հաշվին է արվելու և ի՞նչ գնով:
«Հայաստանն առաջին անգամ է գնում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով՝ բավարարած լինելով Անկարայի բոլոր նախապայմանները, այսպիսի բան չի եղել ՀՀ նախկին որևէ նախագահի օրոք»,- հայտարարեց Սուրեն Սարգսյանը և հավելեց, որ այսօր Հայաստանը Թուրքիայի հետ գնում է հաշտեցման ճանապարհով, որը արվելու է երկրների միջև ստորագրվելիք պայմանագրով, հետևաբար՝ հարաբերությունների համար ինչպիսի հիմքեր դրվեցին՝ դրանք վաղվա սերունդների համար լինելու են հենասյուն:
Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախկինում Թուրքիայի պայմաններից մեկը եղել է Հայաստանի Անկախության հռչակագրի խմբագրումը, քանի որ այնտեղ ամրագրված է Արևմտյան և Արևելյան Հայաստանները:
Վերոնշյալի համատեքստում բանախոսը նկատեց, որ այս իշխանությունների օրոք խոսակցություններ գնացին 4-րդ հանրապետություն ստեղծելու մասին, որը միակ հնարավորությունն է Անկախության հռչակագրի խմբագրման համար, որն էլ Թուրքիայի պահանջն էր:
Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանություններն արդեն կատարել են Թուրքիայի երկու նախապայմանները՝ հրաժարվել են Արցախից և Ցեղասպանության հարցից: