Բուխարեստում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված երեկո և «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն
Ռումինիայում ազգային փոքրամասնությունների օրվա առիթով Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիան կազմակերպել են «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում նվիրված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին ու նրա գլուխգործոց համարվող «Նռան գույնը» ֆիլմին։ Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Այսօրվա երեկոն խորհրդանշական է ինձ համար: Որպես դեսպան՝ ուրախ եմ քաղել Ռումինիայի երկու շատ հարգված համայնքների համատեղ ջանքերի պտուղները, որի արդյունքում այստեղ համախմբվել են մշակույթը սիրող և դրա կարևորությունը գնահատող այսքան համախոհներ:
Հայերի և հրեաների ճակատագրերը շատ նման են եղել միմյանց, և, ցավոք, հայ և հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ողբերգական պատմության էջեր։ Ե՛վ հայ, և՛ հրեա ժողովուրդներն ունեն խորը և հին արմատներ, սակայն պատմության ընթացքում ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց անկախությունը, բայց և հետո ուժ են գտել այն վերականգնելու։ Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի երբեք չկրկնվեն այնպիսի մարդկային ողբերգություններ, ինչպիսիք են հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը»,- իր խոսքում ասել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը։
Տեսաուղերձի միջոցով ներկաներին իրենց ողջույնի խոսքն է հղել Ռումինիայի մշակույթի նախարար Լուչիան Ռոմաշկանուն, անգլիացի ռեժիսոր, կինոգետ ու համադրող Դանիել Բըրդը և ֆրանսահայ դերասան, բեմադրող և ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը՝ ներայացնելով նաև Փարաջանովի արվեստի յուրօրինակությունն ու ստեղծագործական ինքնատիպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա