Թեհմինա Վարդանյան. Ի՞նչ է եղել, որ ափալ-թափալ եկել եք, Կարգին Հայկոյի մասին անցյալ կատարյալով եք խոսում
«Այս դահլիճում Հայկ Մարությանի հետ ամենաշատ խնդիրն ու անհամաձայնությունն ունեցել եմ ես»,-ելույթ ունենալով Երևանի ավագանու նիստում՝ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Նա նկատեց, դեռ քվեարկություն չի եղել, որոշում չկա, բայց «Իմ քայլ»-ի անդամները Հայկ Մարությանի մասին խոսում են անցյալ կատարյալով, շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։
«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք նշանակել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր կարգին Հայկին։ Ի՞նչ է պատահել, որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր, բացի այն, որ դուրս է եկել ձեր կուսակցությունից»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
Նրա խոսքով, «Իմ քայլ»-ի անդամները հնչեցնում են այն նույն քննադատությունները, որոնց մասին անցած տարիներին բարձրաձայնել են ինքն ու իր խմբակցությունը։
Նա հետևություն արեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կամ չափազանց դանդաղ են աշխատում, կամ ջրերը մի առվով չեն հոսում։
«Ես չեմ ուզում որևէ կերպ մասնակից դառնալ էս կրկեսին, չեմ էլ վստահում ձեզ։ Ընկերներ, դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար մնում եք նույն հրահանգ կատարողը, չի կարող մի գիշերում կարծիք փոխվել։ Դուք արեցիք հեղափոխություն շատ արժեքներից հրաժարվելու համար, հիմա դուք ավելի վատ գործիքակազմ եք օգտագործում, ավելի տգեղ եք պահում մարդու հանդեպ։ Նայում էի ձեր ելույթներն ու ապշում»,-ասաց նա։
Վարդանյանը նշեց, ստեղծված իրավիճակում իրեն այնքան էլ չի մտահոգում, թե ով կլինի քաղաքապետ՝ Մարությանը, թե Հրաչյա Սարգսյանը, այս առումով հիշեց «3+2» ֆիլմի հայտնի արտահայտությունը. «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом»։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական ավագանու խոստովանությունը. Եկամուտների աճը կապ չունի քաղաքապետարանի գործունեության հետ
- Իմքայլական. Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն ռիսկեր
- ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը, իսկ Հայկ Մարությանը ուրախալի լուր հայտնեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան