Մարությանը՝ կառավարությանը. Ավտոբուս բերող էիք, բերեիք
Երևանի ավագանու նիստում ունեցած իր ելույթում քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեց 2021 թվականի փետրվարը, երբ պետք էր, որ ավագանին նիստ գումարեր, որոշում կայացներ ավտոբուսների ձեռքբերման համար գումար տրամադրելու մասին։
«Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ։ Այո, կորցրել եմ։ Հիմա պատմեմ մի դրվագ՝ մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից մեկը, որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը Երևանում և բոոլորս գիտենք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։ Այդ նպատակով, անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերեկու համար, որը կայացել էր, և պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեինք գնման համար»,-մանրամասնեց նա։
Մարությանն ասաց՝ որոշումը կարողացել են ընդունել միայն ավագանու ընդդիմադիր ու անկախ անդամների շնորհիվ՝ +1 ձայնով։
«Եվ ահա, ավագանու նիստին նախորդող երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդամներ հրահանգել են, որ Իմ քայլը քվորում չապահովի։ Պարզ ասած, որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Մենք մեծ դժվարությամբ, զանգելով, բացատրելով կարևորությունը, խնդրելով մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց այնուամենայնիվ, Իմ քայլը ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարևորագույն որոշումը ընդունելու համար։ Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում»,-պատմեց նա։
Նրա խոսքով, «Իմ քայլը» խմբակցության անդամներն ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումը։ Այսինքն նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահերից։
Մարությանը նշեց՝ ու թող հեքիաթներ չպատմեն, որ կառավարությունն ուզում է նոր ավտոբուսներ բերել։
«Բերող էիք, բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք։ 211-ի գնումն էինք անում էդ պահին։ Մնացածն էլ դուք բերեիք։ երեք տարի ժամանակ ունեիք։ Բերեիք։ Էսօր բերեք, վաղը բերեք։ Մի բան բերեք։ Այսքանից հետո խնդրում եմ, ասեք, ի՞նչ հարաբերություններ պետք է ունենամ այդ ֆրակցիայի հետ»,-ասաց նա։
Նա պատմեց, թե ինչ ցածր մեթոդներով են իրականացնում «իմպիչմենտի» գործընթացը։
«Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել։ Մանիպուլացնում են, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու չեն նշում, որ դա օրինականացվել է կառավարության 912-Ն որոշման հիման վրա, որի դեմ մենք երեք տարի է պայքարում ենք, բայց կառավարությունը այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ; որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաև իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհեետև մենք ստիպված ենք շարժվել կառավարության որոշումներով։ Այնուհետև, դեզինֆորմացիայից ու մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները՝ ավագանու մի շարք անդամների ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք, և այլն։ Հին ու բարի մեթոդներով։
Կարճ ասած, ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ և անարգանք երևանցու քվեի հանդեպ։
Կարծում եմ, որ դուք ձեր սկսածը, միևնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի քանի դեռ քաղաքապետ եմ, խնդրում եմ․ քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին՝ ձեր ծառայությունը իրականացնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով։ Դուք պարտավոր եք ապահովել երևանցիների անվտանգությունը և կոմֆորտը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակազմի բոլոր անդամներին՝ համատեղ աշատանքի համար, շնորհակալություն իմ թիմի անդամներին։ Եվ ամենակարևորը՝ շնորհակալություն Ձեզ, սիրելի երևանցիներ, ձեր վստահության համար։ Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել։
Շնորհակալություն, և Աստված պահապան»,-ելույթն ամփոփեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարության. 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան սեփական կոմֆորտի մասին մտածել
- Հայկ Մարության. Սա ասում են մարդիկ, որ էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու արդարացնում էդ որոշումը
- Մարության. Փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչն անընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան