Ցավակցական հեռագրեր Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։
Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը՝ որպես երկրին, ժողովրդին, ընտանիքին նվիրված առաքինի կին, այլ նաև օժտված էր լայնախոհությամբ, խնդիրներն ու երևույթներն իրեն հատուկ իմաստնությամբ վերլուծելու ձիրքով, և նրա հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում։
Խորապես ցավակցում եմ Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»։
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցական հեռագիր է հղել:
«Տիկին Դեմիրճյանն օրինակելի կին էր, ընտանիքի հոգատար մայր, ով վայելում էր հասարակության սերն ու հարգանքը: Միաժամանակ, նա զբաղվել է դասախոսական բեղմնավոր աշխատանքով՝ կրթելով երիտասարդ սերնդի լայն շրջանակների:
Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանն իր գործունեությամբ վառ պահեց ամուսնու հիշատակը՝ այդպիսով նպաստելով Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:
Այս ծանր կորստի պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»,-մասնավորապես ասված է ցավակցկան խոսքում։