«Տղայիս գոնե ճակատից խփեին»
Նիկոլ Փաշինյանի կոչը, թե՝ վեր կացեք, ջոկատներ կազմեք, հրամանատար ընտրեք... Ոչ թե մարդկանց ոտքի հանելու էր, այլ՝ ցուցադրելու, թե որքան անկազմակերպ ու հակակազմակերպ է լինելու թրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պետական պաշտպանությունը։
Ինչու չհասկացանք։ Ինչու մեր ուղեղները այդ աստիճան ստորություն կանխատեսելու ունակ չեն։
Ես ասեմ, դուք հիշեք՝ նախ երբեք չմոռանանք, որ հայրենասեր տղամարդիկ այս Պատերազմի հենց առաջին օրերից հերթեր էին կանգնել զինկոմիսարիատների առաջ։ Սա հիշեք, հետո որ լսեք՝ թե փախել են, հարցրեք՝ ինչու, ինչ եղավ։
Ես ասեմ, դուք հիշեք՝ քանի-քանի դեպքեր գիտեք, քանի-քանի հոգու եք պատմել իրական դեպքեր, երբ կամավորական ջոկատը տանում են բաց դաշտ՝ թշնամու հրետանու առաջ, թե՝ խրամատ փորեք։ Երբ ասում են՝ բահ չունենք, հրամատարը թե՝ պետք լինի, ձեռքով փորեք...Իսկ երբ թշնամին սկսում է կրակել, ջոկատը կորուստներ ու վիրավորներ է ունենում, նույն հրամատարի նյարդերը երևի չեն դիմանում, թե ինքն ինչ արեց այս մարդկանց հետ, ասում է՝ փախեք։
Փախնում են, եթե մարդ է մնացել։ Տանում են վիրավորներին իրենց հետ, իրենց ուժերով։ Մահացածների տեղերը փորձում են հիշել, որ հետո ասեն ծնողներին։
Ես ասեմ, դուք հիշեք՝ քանի անգամ եք հանդիպել խելագարության շեմին հասած ծնողների, որ իրենց վիրավորներից զանգեր են ստանում հեռախոսների, թե՝ վիրավոր ենք, օգնեք ու չգիտեն ինչպես օգնել։ «Հանգստացնելու» համար ասում են՝ օգնությունը հասնում է... Մինչև զանգերը լռում են, տղաները՝ արյունաքամ՝ նույնպես։
Ապրիլյանից հիշողությանս մեջ մեխվել է մի մոր խոսքեր, թե՝ որդուս ասացի՝ վերջին գնդակը պահի քո համար, գերի չհանձնվես։ Այն ժամանակ գերի Քյարամի պես էին տանում...
Այս պատերազմի որդեկորույս մի մայր պատմում է՝ երբ տղայիս գտան, ոսկե շղթան, ժամացույցը վրան էր... Թշնամին կրակել է, նույնիսկ չի էլ մոտեցել, անցել է առաջ։ Ջոկը տարել են թշնամու հրետանու բերան։ Ու որդուն ամիսներ հետո գտած մայրը մղկտում է՝ գոնե տղայիս ճակատից խփեին, այդքան չտանջվեր՝ արնաքամ լիներ, խաբվեր ու սպասեր օգնության։
Այս ամենը եղել է, եթե նույնիսկ վախենում եք հանրային դատ կազմակերպել ու խոսել այս մասին, գոնե չուրանաք։ Չչորացնեք հողին լցված արյունը, որ ավելի շատ մատաղի արյուն էր...
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան