Մահմուդ Ահմադի Բիղաշ. Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։
Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար: Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ:
«ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման: Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։