Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են 2022 թ-ի փետրվար-մարտին գագաթնաժողով անցկացնել
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Աստանայի ձևաչափով գագաթնաժողով անցկացնել Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ կախված կորոնավիրուսի համաճարակի իրավիճակից։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին։
«Այո, ծրագրված է։ Մենք պատրաստվում ենք այն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Դա կախված կլինի համաճարակային իրավիճակից։ Բայց բոլոր դեպքերում, մենք պայմանավորվել ենք անցկացնել գագաթնաժողովը։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացնենք փետրվարին կամ մարտին»,-ընդգծել է իրանցի դիվանագետը։
Հաջին ասել է, որ դրա անցկացման հարցը Նուր-Սուլթանում բանակցությունների օրակարգում է եղել և որպես առանձին կետ կարտացոլվի երաշխավոր երկրների ամփոփիչ հայտարարության մեջ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովին կնախորդեն Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցությունները՝ դիվանագետն ասել է. «Մենք ԱԳ նախարարների հանդիպում կանցկացնենք, իսկ դրանից հետո՝ գագաթնաժողով»։
Նա նաև հայտնել է, որ Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հաջորդ միջազգային հանդիպումը կհրավիրվի Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ անց։ «Կախված է գագաթնաժողովի անցկացումից, այն կհրավիրվի դրանից մի քանի շաբաթ անց»,-եզրափակել է նա։
2020 թվականի հուլիսի 1-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել սիրիական կարգավորման շուրջ և քննարկել դեմ առ դեմ հանդիպման հեռանկարները, որը պետք է տեղի ունենա Թեհրանում, երբ համաճարակային իրավիճակը թույլ տա։