Պաշտոնյաները հաղթեցին ուսանողներին
Պաշտոնյաների և ուսանողների միջև նոյեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով։ Հաղթանակ է տարել պաշտոնյաների թիմը, որի կազմում խաղում էին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլոք։ Երիտասարդների թիմում ընդգրկված էին ուսանողական կառույցների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպվել էր Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։ Այն ավանդական բնույթ է կրում, անցկացվում է արդեն երրորդ տարին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ով խաղի ընթացքում դարձել է դուբլի հեղինակ, նշել է, որ միջոցառման նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է։ Նա ընդգծել է, որ այս ծրագրի միջոցով փորձում են խրախուսել սպորտով զբաղվելը. «Ուսանողությունը, երիտասարդությունը երբեք չպետք է կտրվեն սպորտից։ Սովորելուն, աշխատելուն զուգահեռ անպայման պետք է ժամանակ գտնեն՝ որևէ մարզաձևով պարապելու։ Երիտասարդների մոտ պետք է սերմանվի ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մշակույթ, այն դարձվի հնարավորինս մասսայական, ինչը նաև առողջ հասարակություն ունենալու գրավականն է»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով 4 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, նշել է, որ իրականում կարևորը նման հանդիպումներով առողջ ապրելակերպ քարոզելն է։ ԱԺ փոխխոսնակը նկատում է, որ իրենք շատ լավ գիտեին մրցակցի ուժեղ և թույլ կողմերի մասին և խաղը կառուցել էին դրա հիման վրա։ Է. Շարմազանովը, ով ֆուտբոլի մեծ երկրպագու է, ասել է նաև, որ ինքը երկրպագում է մտավորական, մտածող ֆուտբոլիստներին։ Ֆուտբոլային աստղերից նա առանձնացնում է Միշել Պլատինիին, Դիեգո Մարադոնային, Զինեդին Զիդանին, Լիոնել Մեսիին…
Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, իր հերթին, նշել է, որ թեև նախապես պարապել, պատրաստվել էին խաղին, սակայն պարտություն կրեցին. հավանաբար, թերագնահատել էին իրենց ավագ ընկերներին։
Խաղից տեսանյութը կարող եք դիտել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան