Ամուլսարի հանքի վաճառքի մասին խոսակցությունները հենց այնպես չեն լինում, կան ռեալ հետաքրքրվողներ. Նազելի Վարդանյան
Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի վաճառքի մասին վաղուց են խոսում և կան ընկերություններ, որ դրանով հետաքրքրվում են։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է վաճառել ռուսական ընկերության։
Ըստ այդ հրապարակման՝ «պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»։
Նշենք, որ սրան անմիջապես հետևեց «Լիդիան Արմենիա» ընկերության հերքումը՝ նշելով, որ որևէ ընկերության հետ չունեն պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը, ինչպես նաև «իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, թե պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»։
Մինչդեռ, ըստ Նազելի Վարդանյանի, վաճառքի մասին խոսակցությունները հենց այնպես չեն լինում, ավելին՝ կան ռեալ հետաքրքրվողներ։ «Ռուսական մի ընկերության ներկայացուցիչ նույնիսկ հանդիպել է այն մարդկանց հետ, որոնք դեմ են հանքի բացմանը։ Այսինքն՝ առաջարկ եղել է, որ մարդիկ հետաքրքրվում են ու հիմնականում ռուսական ընկերություններ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն մասին, թե պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս, իրավաբանը նկատեց՝ այդ մասին ոչինչ չի կարող ասել, սակայն նախադեպը կա և դա կլինի ամենավատ տարբերակը։
Իրականում, ըստ Նազելի Վարդանյանի, որևէ տարբերություն չկա, թե ով է լինելու հանքի սեփականատերը։
«Մենք ասում ենք, որ ռիսկերը բարձր են և դա միայն մենք չենք ասում։ Այդ մասին հայտնել է «Էլարդ», ընկերությունը, միջազգային մասնագիտացված չորս ընկերություններ, դրա մասին խոսել են հայ մասնագետները։ Բացի այդ, կա Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, որ այդտեղ հանք չի կարող շահագործվել։ Չպետք է մոռանանք նաև այն, որ Վայոց ձորի բնակչությունը ևս իր դիրքորոշումը հայտնել է, կա 12 հազարից ավելի ստորագրություն։
Այսինքն՝ մեզ համար որևէ նշանակություն չունի թե ով կլինի, ի վերջո գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, ոչ մի տարբերություն չկա «Լիդիան Արմենիա»-ն կլինի, թե այլ ընկերություն»,- նշեց Նազելի Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այստեղ Հայաստանի, Սևանի լինել-չլինելու հարցն է։ Միջազգային փորձագետներն էլ, ըստ նրա, ասել են, որ եթե ջրային ավազանի հիմքն աղտոտվեց, ապա 500 տարի այն չի մաքրվելու ու նույնիսկ հսկայական գումարներ ներդնելուց հետո էլ հնարավոր չէ այն վերականգնել։
«Այնպես չէ, որ ուղղակի ասում ենք՝ պետք է լինի, կամ չլինի, կան գիտականորեն հիմնավորված պատճառներ, որի հիման վրա մենք պայքարում ենք, որ հանքը չլինի»,- նշեց Նազելի Վարդանյանը։
Նա միաժամանակ ասաց, որ վերջին շրջանում պաշտոնյաների հայտարարությունները խոսում են այն մասին, որ իրենք հակված են՝ այդ հանքը գործի։ Ըստ իրավաբանի, կառավարության հնգամյա ծրագրում էլ բացի Ամուլսարից, որևէ այլ հանքի մասին որևէ խոսք չկա։ Ավելին, կառավարությունը հաջորդ տարվա բյուջեում նույնիսկ հանքի շահագործումից եկամուտներ է նախատեսում։
«2009 թվականից հանքարդյունաբերության թույլտվություն են ունեցել, մինչ օրս ոչ մի շահույթ չեն ունեցել, հանքը չեն շահագործել, բայց հիմա ինչ ֆանտաստիկ բան պետք է կատարվի, որ մյուս տարի մեր բյուջեում շահույթ ցույց տան»,- ընդգծեց Նազելի Վարդանյանը։
Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ կարճվել է Ամուլսարի վերաբերյալ քննվող քրեական գործը։ Իրավաբանի գնահատմամբ՝ սա խոսում է այն մասին, որ նոր սեփականատերերի համար հող է նախապատրաստվում։
Ըստ նրա՝ Քննչական կոմիտեն գործը հարուցել էր մի հիմքով, բայց կարճել է մեկ այլ հիմքով, որի քննությունն ընդհանրապես չի եղել։
«Այն հիմքով, որ գործը հարուցվել էր, այդ մասով ասել եմ՝ որևէ ապագա չունի։ Իրականում 3,5 տարի ծախսեցին, 450 հազար դոլար տրամադրեցին փորձաքննության համար, ու վերջում գործը կարճում են մեկ այլ հիմքով։ Որ կարդաք Քննչական կոմիտեի հայտարարությունը... չգիտեմ այդ անգրագիտությունը մինչև երբ է շարունակվելու։ Շինծու գործ էր։ Այսինքն՝ իրենք էլ չգիտեն ինչ են քննել, այնքան են «սարքել», որ արդեն չգիտեն ինչ են գրում, ինչ գործ են վարույթ ընդունել և ինչ են կարճում»,- նշեց Նազելի Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ովքեր զբաղվել են այս գործով, պետք է պատասխանատվության ենթարկվեին դեռ այն ժամանակ, երբ կառավարության նիստում ՔԿ նախագահն ու Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը կեղծ հայտարարություններ էին անում։
«Աստված չանի, եթե այս հանքը շահագործվի, այնպիսի հետևանքներ են լինելու, որ պատասխանատվությունից խուսափել չի լինելու»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Նազելի Վարդանյանը նշեց, որ իրենք շարունակելու են հանքի շահագործման դեմ աշխատանքներ իրականացնել, քանի որ իրենց մոտեցումը չի փոխվել։
Իրավաբանը ներկայացնելով իրենք կողմից իրականացված և իրականացվելիք քայլերը՝ նշեց, որ դիմել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), որն արդեն նախնական դիրքորոշում է հայտնել՝ դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին։ Ի դեպ, ՎԶԵԲ-ն այստեղ ուներ 15% բաժնեմաս։ Բացի այդ, դիմել են Մարդու իրավունքների միջազգային դատարան, քանի որ այստեղ մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունեցել։
«Մենք նաև դիմել ենք «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն, այլ կոնվենցիաների քարտուղարություն, քանի որ միջազգային կոնվենցիաների և մեր օրենսդրության խախտումներով ուզում են այդ հանքը շահագործել։
Ով հանքն աշխատացրեց, ուշ, թե շուտ պատասխան է տալու։ Եւ լուրջ պատասխանատվություն է լինելու։ Ամեն դեպքում փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրել է և հին փաստաթղթերով որևէ կազմակերպություն չի կարող այն աշխատացնել։ Իսկ եթե ուզում են օրինական դաշտում լինի, ապա նորից պետք է փորձագիտական քննություններն անցնեն,իսկ եթե լուրջ փորձաքննություն լինի, ապա երբեք հնարավոր չէ այդ ծրագրին դրական եզրակացություն տալ։ Միևնույն է Վայոց Ձորի բնակչությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ այդտեղ հանք գործարկվի»,- եզրափակեց Նազելի Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
- Նազելի Վարդանյանը հիմքեր ներկայացրեց, նախարարն էլ սպասում է Ամուլսարի գործով քրգործի ավարտին
- Ուզում են, որ մարդիկ չիմանան՝ ինչ են ուտում, ինչ են շնչում. Նազելի Վարդանյան
- Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
- Արմեն Սաղաթելյան. Հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում
- Արմեն Սաղաթելյան «Հանքարդյունահանումը լուրջ ռիսկեր է ենթադրում մասնավորապես հետագա սերնդի համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան