Էներգետիկ անվտանգության հարցերում իշխանությունը ձախողել է նույնիսկ այն ամենը, որոնք հնարավոր չէր ձախողել. Արմեն Մանվելյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրերս իր պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ հայտնել էր. «էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոններից է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում»։
Panorama.am-ը վերոնշյալ հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեց Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին:
«Խնդիրը նրանում է, որ Հայաստանը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, երբ տալիս էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոշակի պարտավորություններ էր վերցրել իր վրա: Դրանց էությունը կայանում էր հետևյալում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ներդրումներ էր կատարում 5-րդ էներգաբլոկում՝ այն դարձնելով ժամանակակից, իսկ հայակական կողմն ապահովելու էր, որ այդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան սպառվի: Այսինքը՝ Հայաստանն ապահովում էր սպառման շուկան, ռուսական կողմը՝ ներդրում»,-ասաց բանախոսը՚
Փորձագետը նկատեց, որ ցանկացած ներդրում պետք է կոմերցիոն առումով հաշարկված լինի և ժամանակի ընթացքում ներդրողը պետք է դրանից օգուտ ունենա, եթե նա սկսում է եկամուտ չստանալ, ապա պարտավորությունները փոխվում են:
Շեշտելով, որ հայկական կողմն իր պարտավորությունները չի կատարել՝ Արմեն Մանվելյանը բացատրեց, որ էլեկտրաէներգիայի սպառման հայկական շուկան մեծ չէ, և երբ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը կառուցում եին, հայկական շուկայում այդ ծավալի էլեկտրաէներգիայի սպառումն շատ դժվար էր լինելու, քանի որ բլոկը մոտավորապես ատոմակայանի հզորության կայան է, հետևաբար արտադրված էլեկտրաէներգիան հայկական շուկայի պայմաններում կարող էին սպառել միայն մեկ ձևով՝ այն արտահանելով:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները էլեկտրաէներգիայի արտահանման բոլոր ծրագրերը վերջին 2-3 տարիներին ձախողել են, որովհետև կար դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրաէներգիայի գծի կառուցման ծարգիր, նույնը նաև դեպի Վրաստան: 2016թ. ապրիլին կնքվել էր այսպես կոչված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագիրը: Գաղափարն այն էր, որ ձմռանը էլեկտրաէներգիան ուղարկեինք Ռուսաստան, քանի որ տարվա այդ եղանակին այնտեղ ավելանում է դրա պահանջարկը, ամռանն ուղարկեինք դեպի Իրան, քանի որ այնտել էլ ընդհակառակը՝ ամռանն է բարձրանում էլեկտրաէներգիայի պահանջարկը:
Իշխանություններն այս ծրագիրը վերջին երեք տարում լիովին ձախողել են, այն չի իրականացվում: Դեպի Վրաստան այդ պարտավորություններն ընդհանրապես չկատարվեցին, քանի որ նրա հետ սահմանին արտահանման համար պետք է կառուցվեր նոր մեծ էլեկտրակայան: Այդ ծրագրերը բոլորը մնացին թղթի վրա: Իսկ դեպի Իրան երրորդ բարձրավոլտի կառուցումը, որը պետք է արվեր իրանական ֆինանսավարմամբ և 2019 թվականին շահագործման ահնձնվեր, 2021 թ.-ին հազիվ կառուցվել է 30%-ի չափով, հետևաբար՝ կարելի է ասել, որ այդ ծրագիրը սառեցված է: Այս երկու ծրագրերի ձախողումներն էլ պայմանավորված է այսօրվա իշխանություններով և էներգետիկ անվտանգության մասին նրանց պատկերացումներով»,-նշեց Մանվելյանը:
Նրա խոսքով՝ քանի որ իշխանություններն այս ամենը ձախողել են, ապա Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը չէր կարող շահագործվել և կանգնեցվել է՝ կոմերցիոն առումով նրա աշխատեցնելը ձեռնտու չ՝ և նոր խնդիրներ է առաջացել ներդրումների այդ գումարները հետ բերելու և ռուսական կողմի առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու մասով:
Մեր դիտարկմանը, որ փաստացի ստացվում է, որ առաջիկա 10 տարում տարեկան 32 մլն դոլար Հայաստանը պետք է տա ռուսական կողմին՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետն ասաց. «5-րդ բլոկի կառուցումն ինվեստիցիա կլիներ, եթե աշխատեր և ռուսական կողմը մեզ պահանջ չէր ներկայացնի, բայց քանի որ այն չի աշխատում, ռուսական կողմը ստիպված է այն ձևակերպել որպես պարտք: Եթե բլոկն աշխատեր և սպառում լիներ, ապա հայկական կողմը ոչինչ չպետք է տար ռուսական կողմին, այդ դեպքում համակարգը կաշխատեր, լավ թե վատ՝ այլ հարց է և ժամանակի ընթացքում ծավալները մեծացնելով բացերը կփակեինք: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը ունակ լիներ որևէ էներգետիկ քաղաքականություն ցույց տար՝ ասելով, որ այս մասով ուշացնում է, օրինակ, բարձրավոլտի կառուցումը և խոստանար հաջորդ տարի ավարտել, ապա խնդիր չէր լինի, բայց հասկանալի է, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ընդհանրապես ոչ մի էներգետիկ քաղաքականություն չունեն և ձախողել են նույնիսկ այն ամենը, որոնք հնարավոր չէր ձախողել և այդ ներդրումը ռուսական կողմի պահանջով վերաձևակերպվում է որպես պարտք, ստացվում է, որ նրանք ոչ թե ներդրում են արել այլ պարտք են տվել մեզ: Սա վատագույն սցենարն էր, որ կարող էր լինել, բայց այսօրվա իշխանությունների համար այն նորմալ է, քանի որ նրանք ամեն ինչ վատագույն սցենարով են անում»:
Էներգետիկ հարցերով փորձագետը շեշտեց, որ ի սկզբանե որոշված էր, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պետք է աշխատեր արտահանման ուղղության վրա, այդ հեռանկարով էր կառուցված և պետք է միանար հատկապես Իրանի էներգահամակարգին, քանի որ երրորդ բարձավոլտ էներգահաղորդման գծի կառուցումը հնարավորություն կտար մոտավորապես եռապատկել, քառապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը:
Արմեն Մանվելյանը տեղեկացրեց, որ այսօր Իրանը Հայստանից ստանում է էներգիա՝ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց նախագծով՝ Երևանի ՋԷԿ-ից, իսկ 3-րդ բարձավոլտը կառուցելու դեպքում Հրազդանի 5-րդ բլոկը կկարողանար աշխատել, թեկուզ ոչ ամբողջ հզորությամբ, բայց 50-60%-ով, իսկ եթե գործարկվեր նաև Վրաստանով դեպի Ռուսաստան գիծն, ապա այն ամբողջ ծանրաբեռնվածությամբ կաշխատեր:
«Այն Հայաստանի համար բոլոր առումներով ձեռնտու ծրագիր էր: Հրազդանի 5-րդ էլեկտրաբլոկում ժամանակակից տեխնոլոգիաներ են, որը հնարավորություն է տալիս շատ փոքր գազի ծավալներով մեծ քանակի էլեկտրաէներգիա արտադրել՝ շատ ավելի մեծ, քան Հրազդանի ՋԷԿ-ի մյուս էներգաբլոկները, որտեղ հին տեխնոլոգիաներ են:
Եթե իշխանությունը էներգետիկ քաղաքականություն, ռազմավարություն ունենար և պատկերացներ, թե 2-4 տարի հետո ինչի էինք ուզում հասնել, ապա այդ պրոյեկտը շատ շահեկան էր: Առայժմ այդ ընկալումը նրանց մոտ չկա և մոտ ապագայում դժվար էլ լինի, այդ պատճառով էլ էներգետիկ քաղաքականության բնագավառում մենք արձանագրում ենք ձախողումենր մեկը մյուսի հետևից»,-հայտարարեց էներգետիկ անվտանգության փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան