Թուրքական հրետանու գնդակոծության հետևանքով Սիրիայի հյուսիսում զոհվել է երկու կին և մեկ ծերունի
Թուրքական բանակի հրետանին երեքշաբթի օրը կրակ է բացել Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, գնդակոծության են ենթարկվել Աբու Ռասեյն, Թել Ուարդ, Ռուբեյաթ և Էլ Ասադիա գյուղերը։
Գնդակոծության հետևանքով զոհվել է երկու կին և մեկ ծերունի, վիրավորվել է առնվազն 10 մարդ, որոնց թվում կան երեխաներ։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը
Լրատվական գործակալության տվյալներով՝ թուրքական զորքերի հետ միասին գյուղերը գնդակոծել են սիրիական զինված խմբավորումները, որոնց աջակցում է Անկարան։ Նրանք ինտենսիվ ականանետային կրակ են արձակել Աբու Աշբա և Անիկ ալ-Հավա շրջաններից։ Կրակի տակ ընկած խաղաղ բնակիչների տները նյութական վնասներ են կրել։ Բնակիչները նախընտրել են լքել գյուղերն ու տեղափոխվել ավելի ապահով տարածքներ։
Ավելի վաղ SANA գործակալությունը հայտնել էր «Սուլթան Մուրադ» և «Ֆիրքաթ Համզա» թուրքամետ կազմավորումների զինյալների կողմից սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի մերձակայքում գտնվող Մեհթելլա գյուղի վրա հարձակման մասին: Վերջիններս ցանկացել էին ուժով գրավել տեղի բնակիչների տները:
Ըստ գործակալության՝ չնայած զինյալները զենքով են սպառնացել, Մեհթալլայի բնակչությունը փակել է նրանց ճանապարհը և կանխել տների ու շինությունների գրավումը։