Թուրքիան ակնկալում է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել հնարավոր անդամակցության հեռանկարով
Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մատնանշել է Անկարայի և ԵՄ-ի միջև հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը՝ եվրոպական երկրների համայնք հանրապետության հնարավոր մուտքի հեռանկարով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Էրդողանը մատնանշել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները դրական օրակարգի շրջանակներում կառուցելու անհրաժեշտությունը՝ հիմնված եվրոպական համայնքին Թուրքիայի միանալու հեռանկարի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ ողջախոհությունն ու ռազմավարական տեսլականը կշարունակեն գերակայել Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում։
Դեկտեմբերի 8-ին սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը պաշտոնապես դարձավ Գերմանիայի նոր կանցլերը։ Նրա օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր, դեմ՝ 303-ը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Շոլցին է հանձնել կանցլեր նշանակելու մասին պաշտոնական նամակ, և նա երդվել է իր կաբինետի նախարարների հետ միասին: Այդ պահից պաշտոնապես ավարտվեց Անգելա Մերկելի կառավարման 16-ամյա դարաշրջանը։