«Ժողովուրդ». Հայկ Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ԱԱԾ-ն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երևույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, որ հիմնարկի բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի են հանվել: «ԵԱՍՄ-ն առքուվաճառք իրականացնելու գործառույթ չունի, բայց անվադողերը հանել է վաճառքի:
Դրա հետևում անձամբ հիմնարկի տնօրենն է եղել՝ Գրիգորյանը: Տեղեկությունը, թե անվադողերը պատերազմի օրերին սահման են ուղարկվել, սուտ է: Հիմնարկը սահման անվադող ուղարկել է տավուշյան դեպքերի ժամանակ միայն, իսկ 44-օրյա պատերազմի օրերին, փոխանակ ուղարկվեր առաջնագիծ, վաճառվել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵԱՍՄ նախկին աշխատողներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք նշում:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ շուրջ տարիուկես հիմնարկի 4 աշխատակիցներ, որոնք երբևէ՝ որևէ օր, աշխատանքի չեն եկել, աշխատավարձ են ստացել: «Այսինքն՝ նրանց անուններով աշխատավարձ է դուրս գրվել, բայց այդ գումարը նրանց չի հասել, որովհետև դա ֆիկտիվ գործարք է եղել: Խոսքը մոտ 17 մլն դրամի մասին է»,- ընդգծեց նա:
ԵԱՍՄ նախկին աշխատակցի պատմելով՝ հիմնարկի բոլոր ավտոմեքենաները վառելիք միայն CPS բենզալցակային պատկանող կոնկրետ մեկ լցակայանից են լիցքավորում, որ Իսակովի պողոտայում է գտնվում»,- հավելեց նա:
Աղմկահարույց գործարքներից մեկն էլ այն է, որ պարգևավճար ստացած բոլոր աշխատակիցները դրա մի մասն անպայման վերադարձրել են:
«Մարությանի անմիջական իմացությամբ 3 տարի շարունակ բոլորիս ստացած պարգևավաճարի մի մասը, հաճախ՝ ամբողջը, վերադարձվել է»,- նշեց նա: Եթե ԱԱԾ-ում պարզվեցին՝ այս ամենը կամ դրա փոքր մասը 100% ճշմարտություն է, ստացվում է՝ դա եղել է այն ժամանակ, երբ Մարությանը Փաշինյանի սիրելին էր, ու նրան ներվում էր թվացյալ ամեն մի անօրինականություն: Հիմա, սակայն, քաղաքական ճնշումներ են իրականացվում երբեմնի «կարգին Հայկոյի» նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան