Մարության. Փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչն անընդունելի է
«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ»,-ավագանու ընթացող նիստում իր արտահերթ ելույթում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ դիմելով երևանցիներին։
Նա նշեց՝ սա առաջին դեպքն է, որ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, թվում է, նման բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։
«Օրինակ, բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կամ աշխատանքային, կենցաղային զարհուրելի հանցանք։ Ինչպես հասկացանք ելույթներից, այդպիսի բաներ չկան»,-նշեց Մարությանը։
Նա նշեց՝ ներկայացվող պատճառը բոլորովին այլ է. «Ինչպես նախաձեռնող կողմն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը»։
Նա հիշեցրեց, որ իշխանափոխությունից հետո առաջին արտահերթ ընտրություններն անցկացվեցին Երևանում, հեղափոխական թիմը մասնակցեց դաշինքով, որի կազմում էին «Առաքելություն» կուսակցությունը, անկուսակցականներ։
«Պատահական չէ նշել, որ «Իմ քայլի» ընտրացուցակի առաջին 57 հոգուց միայն 27-ն էին ՔՊ անդամներ։ Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը, ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ»,-նշեց նա։
Մարությանը հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքում ունեցան համոզիչ հաղթանակ, քվեարկությանը մասնակցածների 82 տոկոսը կողմ քվեարկեցին այդ թիմին։
«Կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, տվել է դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխական թիմին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հարգված ու հայտնի մարդկանց, օրինակ, հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, հայտնի շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին հեղափոխության հաղթանակին»,-նշեց Մարությանը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» անունը լայն զանգվածներին հայտնի չէր։
Երևանի քաղաքապետը նկատեց, այսօր իրեն անվստահություն հայտնելու գործընթացի հիմքում դնում են իր՝ ՔՊ-ից, «Իմ քայլը» դաշինքից դուրս գալը, նա ընդգծեց՝ դուրս է եկել ՔՊ-ից, բայց ոչ «Իմ քայլը» դաշինքից։
«Շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, այդ պնդումը կեղծիք է։ Իրենց փաստարկներում հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշոհներել հեղափոխությունը, փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, սա անընդունելի է ինձ համար ու ինձ նման հազարավոր անկուսակցական մարդկանց համար, որոնք հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Ասեմ ավելին, ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, հայտարարում են, ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա անընդունելի է ու վիրավորական»,-ասաց Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գևորգյան. Ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել, քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել
- Թեհմինա Վարդանյան. Ի՞նչ է եղել, որ ափալ-թափալ եկել եք, Կարգին Հայկոյի մասին անցյալ կատարյալով եք խոսում
- Իմքայլական ավագանու խոստովանությունը. Եկամուտների աճը կապ չունի քաղաքապետարանի գործունեության հետ
- Իմքայլական. Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն ռիսկեր