Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամային իրավիճակի մասին
Ֆրանսիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրիտիկական է, երկիրը գտնվում է «օմիկրոն» նոր շտամի տարածման ալիքի սկզբում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի խոսնակ Գաբրիել Աթալին։
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ֆրանսիայում կրիտիկական է, քանի որ դելտայի շտամը շարունակում է տարածվել ամբողջ երկրում: Երեկ Ֆրանսիայում գրանցվել է վարակի 73 հազար նոր դեպք: Այժմ հիվանդացությունը գերազանցում է 500 դեպքը 100 հազար բնակչին»,- ասել է Աթալը՝ կառավարության ճեպազրույցում։
Բացի այդ, նա նշել է, որ հիվանդանոցների վրա ճնշումները շարունակում են աճել՝ կապված հոսպիտալացվածների թվի աճի հետ։
«Իրավիճակը կրիտիկական է նաև այն պատճառով, որ համաճարակը կարող է ուղեկցվել հիվանդացության նոր աճով՝ «օմիկրոնի» նոր շտամի պատճառով, այն ֆենոմենալ արագությամբ տարածվում է ողջ Եվրոպայում»,-հավելել է կառավարության խոսնակը։