Հիմնադրամից փոխհատուցում ստացած 4660 զինծառայողից 97-ն անհետ կորած են. Սմբատ Սաիյան
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» իր գործունեությունն սկսել է 2017 թ.-ից և մինչ օրս փոխհատուցում է վճարել 4660 զինծառայողի, կամ նրանց ընտանիքի անդամների»,-մամուլի ասուլիսում հայտնեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ թվի ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի հետևանքով պատճառած վնասների փոխհատուցումն է և միայն 416 անձն են մինչև 2020թ պատերազմի դեպքերով փոխհատուցում ստացածները:
Սմբատ Սաիյանի խոսքով՝ 4660 զինծառայողից 97-ը դատարանի որոշմամբ համարվում են անհետ կորած։
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը փոխհատուցում է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ֆոնդահայթայթման ու դոնորների հետ կապերի պատասխանատու Սոնա Բաղդասարյանը նշեց, որ 2021 թվականին հիմնադրամն արմատապես փոխել է իր աշխատանքի մեթոդները և իր գործունեությունն իրականացնում է կամավորների աջակցությամբ։
«2021 թվականին մենք նոր և շատ պրոֆեսիոնալ թիմ ենք ձևավորել, նոր հոգաբարձուների խորհուրդ է հայտնվել։ Նրանք մարդիկ են, որոնք, օգտագործելով իրենց հեղինակությունը, իրենց հմտություններն ու կապերն ամբողջ աշխարհում, փորձում են գոնե որոշ չափով օգուտ բերել մեր հիմնադրամին և նրան վստահված առաքելությանը»,-ասաց Բաղդասարյանը։