Վալոդյա Գրիգորյան. Փարաքարում համայնքապետի ընտրությանը շատ մարդ կա խառնված
Փարաքարում ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը բողոքարկել է քվեարկության արդյունքները դատարանում։ Այս մասին Փարաքարում այս պահին աշխատող լրագրողներին հայտնել էին ոստիկանության մարզային բաժանմունքի աշխատակիցները։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, որի գլխավորած քաղաքակլան ուժն առավել մեծ թվով ձայներ է ստացել քվեարկության արդյունքում, հայտարարեց՝ բողոքարկումից տեղյակ չէ, կեսօրին նախատեսված է իր երդմնակալության արարողությունը։
Դիտարկմանը, թե Դավիթ Մինասյանին Փարաքարի համայնքապետ դարձնելու գործում խառնված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Վ. Գրիգորյանն ասաց. «Խառնված շատ մարդ կա, թեկուզ իմ խնդրանքով, այդ հարցն հենց իրեն ուղղեք։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ քվեին տեր կանգնելու համար»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի խոշորացված այս համայնքում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել՝ թե նախկին համայնքապետ Մինասյանը, թե Գրիգորյանը հայտարարում են, որ ավագանու նիստում իրենք են ընտրվել քաղաքապետ։
Դեկտեմբերի 5-ին կայացած քվեարկության արդյունքում առավել մեծ թվով ձայներ հավաքել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 637 քվե։ «Դավիթ Մինասյան» դաշինքը ստացել է 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։
Փարաքարում փողոց դուրս եկած քաղաքացիները հայտարարում են՝ թեկուզ պահանջվի 5 տարի, տեր են կանգնելու իրենց քվեին։
«Ես իրավունք ունեմ ընտրություն կատարելու, մասնակցելու համայնքի կառավարումն իմ ընտրությամբ ճիշտ ուղու վրա դնելու գործին, պետք է հարգեն ժողովրդի ընտրությունը։ Ամեն ինչ արվել է օրենքով, թող վախենան այն մարդիկ, որոնք անօրինականությունների են դիմել»,-ասաց ի պաշտպանություն Գրիգորյանի փողոց դուրս եկած բնակիչներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարում համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ մեծ թվով ոստիկաններ ու բնակիչներ են հավաքվել
- Վաղը Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունն է
- Փարաքարում լարված վիճակ է. «Չեմ ուզում, որ սա նմանվի քցոցու»
- Փարաքարում երկու թեկնածուն էլ հայտարարում են, որ ընտրվել են համայնքի ղեկավար
- «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար