Մեր աշխատող քաղաքացիների 60 %-ից ավելն արդեն պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան
«Երրորդ դեղաչափի պարտադիր ստանալու խնդիր դեռ դրված չէ, մեզ համար կարևոր է երկու դեղաչափի ստանալը, հետագայում կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակները»,-կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը 3-րդ խթանիչ դեղաչափն է ընդունել:
Նախարարը բացատրեց, որ երբ քաղաքացին «Սպուտնիկ V»-ով է պատվաստվել երկու դեղաչափ և երրորդը՝ խթանիչն, այլ պատվաստանյութ է ստացել, ապա արտերկրում վերջինը չի համարվում պատվաստված, դրա համար պետք է երրորդ պատվաստանյութից երկու դեղաչափ ստանալ:
«Մեր աշխատող քաղաքացիների 60 %-ից ավելն արդեն պատվաստվել է, սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկած միջոցները և սահմանած սահմանափակումները դրական կերպով ազդեցին և քաղաքացիներն ակտիվ կերպով պատվաստվեցին»,-հայտարարեց Ավանեսյանը և, պնդելով, որ այն պաշտպանական կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով, ասաց. «Մեր զինանոցում դեռ կան որոշակի խրախուսող և սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք ըստ ժամանակի կգործարկենք»:
Նա տեղեկացրեց, որ քննարկման փուլում է սննդի, հանգստի և ժամանցի վայրերում պատվաստման սերտիֆիկատի պահանջի սահմանափակող միջոցառումներ կիրառելու հարցը և այն որոշակի ճշգրտումներից հետո առաջիկա շաբաթվա ընթացքում կհաստատվի՝ ժամկետի մի փոքր հետաձգմամբ, որպեսզի գործընկերները կարողանան հասցնել պատվաստվել:
«Այն քաղաքացիները, որոնք չեն ուզում օգտվել շատ արդյունավետ և հարյուր անգամներով նվազ ծախս կատարելու միջոցով պաշտպանել իրենց առողջությունը, մենք պետք է դիտարկենք նաև կորոնավիրիուսից բուժումը վճարովի դարձնելու հարցը և այս պահի դրությամբ հաշվարկում ենք, թե այն ինչ արժի»,-հայտնեց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը չհամաձայնեց լրագրղի դիտարկմանը, որ քաղաքացիները հազարավոր դոլարներ են վճարել բուժման համար՝ պնդելով որ բուժումն Հայաստանում անվճար է, բայց և ընդունեց, որ որոշ քաղաքացիների բուժման ժամանակ կիրառվում է նաև ոչ արարողակարգային թանկարժեք դեղամիջոց, որը պետությունը դեռ չի կարող ներառել պետական բուժման ծրագրում: