Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը
Արմավիրի մարզի խոշորացված Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Այստեղ են եկել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը։ Նրանց կուսակից Վալոդյա Գրիգորյանն ընտրությունների արդյունքում այստեղ առավել շատ ձայներ էր ստացել։
Համայնքապետարանի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել, որոնք թույլ չեն տալիս շենք մտնել Վալոդյա Գրիգորյանին, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին։
«Ի՞նչն եք պաշտպանում, ավագանու անդամներն իրավունք ունեն մտնել շենք։ Պարոն ոստիկան, հիմքերը ներկայացրեք, թե ինչու չենք կարող մտնել շենք»,-ոստիկանության ներկայացուցչին հարցրեց Մանե Թանդիլյանը։
Ի պատասխան՝ ոստիկանության ներկայացուցիչն ասաց, ավագանու տասն անդամները ծանուցվել են, որ գործը գտնվում է դատարանում։
«Ավել բան չեմ կարող ասել։ Ես միայն գիտեմ, որ ավագանու տասը անդամներն արդեն իսկ ծանուցվել են փոստով»,-ասաց Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, ոստիկանության գործողություններն ապօրինի են, քանի որ դատարանում չի վիճարկվում ավագանու անդամների հարցը, բացի այդ ոստիկանությունը գրավոր որևէ փաստաթուղթ ցույց չի տալիս, որը կփաստի՝ կա դատարանի որոշում, որով արգելվում է համայնքապետարանի շենք մուտք գործելը։
Մանե Թանդիլյանը բարձրախոսով հայտարարեց՝ ոստիկանները 10 րոպե ժամանակ ունեն վերացնելու համայնքապետարանի շենքի ապօրինի շրջափակումը, հակառակ դեպքում կհանդիպեն այլ վայրում։
«Սա ապօրինի շրջափակում է, սա իշխանության զավթում է, պարտավոր են դադարեցնել ՏԻՄ գործունեության խոչընդոտը, պետք է վերացնեն շրջափակումը և թույլ տան ավագանու անդամներն անցնեն իրենց աշխատանքին։ Ոստիկանները գրավել են համայնքապետարանի շենքը, պետք է նման հրահանգ տվողները և կատարողները պատասխանատվության ենթարկվեն։ Դատարան դիմելը ավագանու անդամներին շենք մտնել թույլ չտալու հիմք չէ»,-ասաց Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու արդյունքները։
Հարակից հրապարակումներ`
- Վալոդյա Գրիգորյան. Փարաքարում համայնքապետի ընտրությանը շատ մարդ կա խառնված
- Փարաքարում համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ մեծ թվով ոստիկաններ ու բնակիչներ են հավաքվել
- Վաղը Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունն է
- Փարաքարում լարված վիճակ է. «Չեմ ուզում, որ սա նմանվի քցոցու»
- Փարաքարում երկու թեկնածուն էլ հայտարարում են, որ ընտրվել են համայնքի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան