Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
Փարաքարի համայնքապետարանի դիմաց հավաքված բազմաթիվ քաղաքացիներ ու «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները որոշեցին փակել Երևան-Արմավիր ճանապարհը։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ հետագա բոլոր գործողությունների պատախանատվությունն ընկնում է ոստիկանության վրա, քանի որ նրանք բռնազավթել են համայնքապետարանի շենքը, արգելել են Վալոդյա Գրիգորյանին մուտք գործել շենք ու կատարել իր պարտականությունները։
«Այլևս սպառվում են այն միջոցները, որով ոստիկանությունը կարող է ապահովել անցնցում իշխանության հանձնում Վալոդյա Գրիգորյանին։ Այստեղ հիմք դրվեց ՏԻՄ-ի զավթումը»,-ասաց Մանե Թանդիլյանը։
Ոստիկանության այն դիտարկմանը, թե օրենքն արգելում է փակել ճանապարհը, քաղաքացին արձագանքեց՝ «ի՞նչ օրենքից եք խոսում, ի՞նչի եք փակել համայնքապետարանի շենքը»։
«Ժողովուրդն արտահայտում է իր բողոքը, քանի դեռ չեք ազատել համայնքապետարանի շենքը»,-հայտարարում էր Մանե Թանդիլյանը, մինչ ոստիկանության ներկայացուցիչը պահանջում էր՝ ազատել ճանապարհը։
Մի քանի րոպե ճանապարհը փակ պահելուց հետո կարմիր բերետավորներն ուժով, քաշքշուկով բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին։ Դրանից հետո հավաքվածները վերադարձան համայնքապետարանի շենքի դիմաց, որի մուտքը դեռ փակ են պահում ոստիկանները։
«Հորդորում եմ բերման ենթարկված քաղաքացիներին ազատ արձակել, արագացնել համայնքապետարանն ազատելու ձեր որոշումը, այսօր «Ապրելու երկիր» խմբակցության անդամները մտնելու են այս շենք»,-հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Համայնքապետարանի դիմաց հավաքված բնակիչները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «արդարություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան