44-օրյա պատերազմում վերջույթներ կորցրած 75 զինծառայող պրոթեզավորվել է «Հավերժական ազգ» հիմնադրամի աջակցությամբ
Տեղի է ունեցել «Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը, որին ներկա էին հիմնադրամի տնօրինությունը, բժիշկներ, բարերարներ, պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռքբած զինծառայողներ և հանրության շրջանում հայտնի մարդիկ։
Նշենք, որ «Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է հայ բժիշկների նախաձեռնությամբ, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո աշխատել են Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում՝ օգնություն ցուցաբերելով վիրավորներին, կատարելով մի շարք բարդ վիրահատություններ։
«Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է ծրագրեր չորս հիմնական ուղղություններով՝ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց վիրահատություններ, պատերազմի ընթացքում վերջույթները կորցրած անձանց պրոթեզավորում, բժշկական սարքավորումների և պարագաների տրամադրում բուժկենտրոններին, կրթական ծրագրեր բժիշկների համար։
«Վերջույթներ կորցրած 125 տղաներից 75-ը պրոթեզավորվել է մեր հիմնադրամի կողմից։ Ծրագրերի շարունակականությունը շատ կարևոր է, քանի որ թանկարժեք պրոթեզները ենթադրում են նաև թանկ սպասարկում։ Բացի այդ, պրոթեզն ունի երեք տարվա կյանք, այսինք՝ երեք տարի հետո պետք է փոխարինվի։ Ընդհանուր առմամբ, զինվորական ծառայության ժամանակ զինհաշմանդամ դարձած, ավելի ստույգ՝ վերջույթներ չունեցող տղաները շատ են։ Ստույգ թիվը չեմ կարող բարձրաձայնել», - ասաց հիմնադրամի տնօրեն Աննա Միքաելյանը։
Պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ պատերազմի օրերին առողջապահական համակարգը բավականին մեծ աշխատանք է կատարել։
«Բուժաշխատողների սերտ համագործակցության շնորհիվ ձևավորվեց այսպիսի աշխատանքային մթնոլորտ։ Այսօրվա հավաքն այդ դրսևորումներից մեկն է։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ ծրագրերը հասցնենք իրենց տրամաբանական ավարտին։ Ծրագրերը ծառայում են ՀՀ-ում առողջապահության որակի բարելավմանը»,- ասաց բժիշկը։
«Հավերժական Ազգ» հիմնադրամի առաքելությունն է վերականգնել պատերազմի հետևանքով տուժած հայ երիտասարդների կյանքը՝ վերականգնողական բուժման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան