ԱՄՆ-ն թույլատրել է COVID-19-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային հաբի կիրառումը
Չորեքշաբթի օրն ԱՄՆ-ը թույլատրեց COVID-19-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային հաբի կիրառումը ռիսկային գոտում գտնվող12 և բարձր տարիք ունեցող անձանց համար: Այսպիսով, խմելու եղանակով կիրառվող այս հաբը դառնում է տնային պայմաններում կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը, որը կարող է բուժել նաեւ օմիկրոն անվանումը կրող ենթատեսակով վարակված անձանց: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Pfizer-ի կլինիկական փորձարկումից ստացված տվյալները ցույց են տվել, որ նրա հակավիրուսային ՝ Paxlovid անվանումը կրող դեղամիջոցը 90%-ով արդյունավետ է եղել ծանր հիվանդությամբ տառապող եւ բարձր ռիսկ ունեցող հիվանդների հոսպիտալացումները և մահերը կանխելու համար:
Ըստ Reuters-ի, Pfizer-ը հայտարարել է, որ պատրաստ է սկսել ԱՄՆ-ում այս դեղի արագ առաքումը, որը ներառում է բուժման երկու փուլ: Այն ընդգրկում է նոր դեղամիջոցը եւ ավելի վաղ հաստատված Ritonavir դեղահաբը:
ԱՄՆ-ի կառավարությունը վճարելու է 530 դոլար յուրաքանչյուր կուրսի համար: Նախատեսվում է առայժմ գնել մոտ 10 միլիոն կուրսի համար նախատեսված դեղամիջոց:
Pfizer-ը թույլատրել է կիրառել դեղամիջոցը մեղմ և միջին ծանրության հիվանդության բուժման համար: Դեղը հասանելի է միայն դեղատոմսով և բուժումը պետք է սկսել հնարավորին չափ արագ:
Merck & Co-ի կողմից ներկայացված դեղահաբը դեռեւս գտնվում է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության կողմից ուսումնասիրության փուլում: Մինչ այժմ այն ցույց է տվել ավելի ցածր արդյունավետություն՝ համեմատած Pfizer-ի բուժման հետ:
Ինչ վերաբերում է մեծ արագությամբ տարածվող օմիկրոն ենթատեսակին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե դեռևս չունի բավարար տվյալներ, որպեսզի ասի, թե արդյոք Delta ենթատեսակից այն ավելի ծանր է, թե ոչ:
Ըստ Լոնդոնի Կայսերական քոլեջի հրապարակված հետազոտության՝ COVID-19-ի Omicron տարբերակով հիվանդացած անձանց համար հիվանդանոցում մնալու անհրաժեշտության ռիսկը 40%-ից 45%-ով ցածր է, քան Delta տարբերակով հիվանդների մոտ:
Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայում մեկ օրվա կտրվածքով գրանցվել է COVID-19-ի ավելի քան 100,000 դեպք:
Սակայն ինչպես առողջապահության նախարարության պաշտոնյաներն են ասում, հետազոտությունները ցույց են տվել, որ առնվազն երկու չափաբաժին պատվաստանյութ ստացած, սակայն նորից հիվանդացած անձինք մեծապես պաշտպանված են եւ հիմնականում չի լինում նրանց հոսպիտալացնելու կարիք:
Reuters-ը նաեւ հաղորդում է, որ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի երկրներին դասեր քաղել համաճարակի անցած երկու տարիներից՝ կրկին հանդես գալով պատվաստանյութը բոլորին հասանելի դարձնելու հորդորով:
Նա հույս է հայտնել, որ աշխարհում 5 միլիոն 600 հազար մարդու կյանք խլած համավարակըեկող տարվա ընթացքում կավարտվի: