Նման մոտեցում իրեն կարող է թույլ տալ առաքող ընկերության տերը. Ընդդիմադիր պատգամավորը՝ էկոնոմիկայի փոխնախարարին
«Էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը չափազանց կարևոր է, բայց կարևոր է, թե ինչպես եք պատկերացնում այդ հզորացումը»,- Ազգային ժողովում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների ներկայացմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ տարբեր ժամանակներում 69-87 թափուր աշխատատեղ ունենալը մի քիչ անտրամաբանական է։
«Եթե այդ հաստիքները պետք չէին, ինչո՞ւ ենք նախատեսում, եթե պետք են, կարևոր գործառույթ է, ինչո՞ւ չեք համալրում, ի՞նչն է պատճառը, որ չեք համալրել»,- ասաց Ա. Մինասյանը։
Հիշեցնեն՝ հաշվետվությունը ներկայացնելիս Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետն ասել էր, որ 2021 թ. տարեսկզբին նախարարությունում հաստատված հաստիքացուցակով 459 հաստիքային միավոր է արձանագրված եղել, 112-ը թափուր։ Կիսամյակի վերջում հաստիքացուցակում կատարված փոփոխության հետևանքով հաստիքների թիվը կազմել է 390 հաստիքային միավոր, որից 87-ը թափուր, այդ թվում 69-ը դեռևս տարեսկզբից։
Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ասաց, որ նախարարությունը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, հենց այդ փոփոխությունների պատճառով է, որ ունեն թափուր հաստիքներ։
«Ըստ էության, այդ հաստիքները լրացնելն ինքնանպատակ չէ։ Մեր քաղաքականությունն է հաստիքները լրացնել որակյալ կադրերով։ Այս տարվա ընթացքում 96 մրցույթ է անցկացվել, հաղթող ենք ունեցել 55-ում»,- նշեց փոխնախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կրկնեց էկոնոմիկայի փոխնախարարի հայտարարությունը, որ «հաստիք լրացնելն ինքնանպատակ չէ»։
«Նման մոտեցում իրեն կարող է թույլ տալ, օրինակ, Լոնդնում գրանցված առաքող ընկերության տերը, կառավարիչը, բայց պետական ծառայողը նման դիրքորոշում ուղղակի չի կարող ունենալ, քանի որ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջն է՝ քաղծառայողի պաշտոնը թափուր մնալուց հետո երեք ամսում հայտարարվի մրցույթ։ Ինչքան հասկացա՝ ոչ թե մրցույթ եք հայտարարել ու ձախողել, այլ ուղղակի մրցույթ չեք հայտարարել։
Ձեր այս հայտարարությունը լրիվ ուրիշ ուղերձ է հղում, նշանակում է՝ վեջս չի, թե ինչ է գրված օրենքում, ես անում եմ այնպես, ինչպես ինձ հարմար է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը չպատասխանեց՝ ճի՞շտ է համարում, որ գյուղնախարարությունը շարունակում է մնալ էկոնոմիկայի ոլորտում
- Դաբաղ պատվաստանյութի գնման համար առաջարկվել է 85,5 դրամ, բայց գնումը կատարվել է մեկ աղբյուրից 96,8 դրամով. Խաչատրյան
- «Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում». Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանի ղեկավարած նախարարությունում հայտնաբերված խախտումների մասին
- Դաբաղ ու ծաղիկ՝ Վահան Քերոբյանից
- Հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում անհամապատասխանություններ է գտել. «Ժողովուրդ»