Բոլորը գիտեն՝ ինչ են ուզում Հայաստանի հետ կապված, բացի մեզանից, ինչն աննորմալ երևույթ է. Վահե Հովհաննիսյան
«Հեղափոխությունը վերջացել է, մնացել են միայն հեղափոխության հետևանքները և այլանդակությունները»,- «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» քննարկմանը ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հեղափոխության այլանդակությունները գնալով դառնալու են ավելի «հետաքրքիր», ավելի այլանդակ՝ սկսած դատաիրավականից մինչև ՏԻՄ համակարգը ջարդել։ Վ.Հովհաննիսյանի խոսքով, այսօր Հայաստանին բոլորը՝ հարևաններ, թշնամիներ, դաշնակիցներ, խրախուսում են գնալ զիջումների։
Ըստ նրա, եթե առաջին երկու բնութագրիչները չեն փոխվում 2022-ին, Հայաստանն ունենալու է շատ տխուր հեռանկար, պատկերավոր ասած Երևան-Իգդիր մայրուղու թուրքական հետաքրքրություններ սպասարկող միավոր է դառնալու, ոչ ավելի, ուրիշ ֆունկցիա չի տրվելու։
«Պրոբլեմների հիմքում այն է, որ Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Մենք չփոխեցինք պետության ներքին օրակարգը, պետության ներքին մթնոլորտը, պետության ներքին կառավարումը։ Մենք չփոխեցինք իշխանություն և շարունակում ենք ներկայանալ պարտության դեմքով, որն ուղիղ ուղերձ էր աշխարհին և մեզ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բոլորը՝ ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, գիտեն՝ ինչ են ուզում Հայաստանի հետ կապված, բացի մեզանից, ինչը վտանգավոր ու աննորմալ երևույթ է։
«Դինամիկ դեգրադացվող իշխանության պայմաններում ոչիշխանական օրակարգը չի կարող ստացվել, սա այն ծուղակն է, որը հիմա ունենք»,-ասաց նա։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետի խոսքով, Հայաստանն ունի փայլուն ընդդիմադիր այլընտրանքային միտք, բայց այդ միտքը գերի է ընդդիմադիր ձևաչափերին. «Այդ ձևաչափերը պետք է փոխվեն, այսօրվա ընդդիմադիր ֆորմատները չունեն կոնսոլիդացնող ռեսուրս»։
«Տեսնում եմ վտանգ, որ այսօրվա ընդդիմադիր խմբակցությունները կորցրել են կապը ոչ միայն լայն հասարակության, այլ նաև իրենց ընտրազանգվածի հետ, հետադարձ կապի, աշխատանքի խողովակը չկա։
Կա սուր խնդիր՝ միջընտրազանգվածային երկխոսություն։ Ունենք երեք խոշոր ընտրազանգված, որոնց միջև պետք է գնա երկխոսություն։ Ովքեր այդ երկխոսությունը սկսելու հայտ կներկայացնեն, նրանք հաջողելու են և լինելու են հաջորդ իշխանությունը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով, Հայաստանում այսօր առկա է երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն։ Ասաց, որ եթե ինքը լիներ ընդդիմության լիդերը կամ լիդերների նեղ խմբից, իր կարգախոսը 2022 թվականին կլիներ արժանապատվության գաղափարը։
«Ունենալ այսպիսի իշխանություն և ունենալ այսպիսի ստորացում արտաքին աշխարհից, արժանապատվության խնդիր է։ Շատ արագ պետք է վարակենք հայ հասարակությանը արժանապատվության գաղափարով»,- նշեց նա։
Ըստ Վահե Հովհաննիսյանի, այս երկրում պետք է իշխանությունը փոխվի, այլապես բոլոր խոսակցություններն իրականում անլուրջ են։
Ամփոփելով խոսքն՝ ասաց, որ գիտի 2022 թ. Հայաստանին հարաբերական հաջողություն բերող օրակարգ՝ միջընտրազանգվածային երկխոսություն, հաջորդ իշխանության որակը, կառուցվածքն ու առաքելությունը քննարկել, հասնել դրա իրականացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Աբսուրդ է, երբ երկու խմբակցություն 36 պատգամավորով Անդրանիկ Քոչարյանին սարքում են գործոն
- Արմեն Աշոտյան. 2021-ը Հայաստանի համար կռտած ցուլի տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան