Զախարովա. Հայաստանին և Ադրբեջանին մաղթում եմ խաղաղություն, համբերություն և հաջողություն
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում 2021 թվականը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, և ի՞նչ ակնկալիքներ կան 2022 թվականին։
«Այնուամենայինվ, սպասումներ կամ գնահատականներ չարժե ձևավորել կամ փորձել ձևավորել՝ կռահելով ինչ-որ որոշակի ժամկետ։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Ամանոր է, և բոլորն ամփոփում են արդյունքները։
Պարզապես մի պարզ պատճառով. պայմանավորվածության կնքման պահից անցած յուրաքանչյուր օրվա ընթացքում հսկայական աշխատանք է դրված։ Հաղթանակներ և պարտություններ, ձեռքբերումներ և անհաջողություններ և մենք դրանք մեկնաբանում ենք ամեն օր»,- նշել է նա։
«Ուստի հիմա չեմ էլ փորձի ամփոփել ինչ-որ գլոբալ արդյունք։ Մենք ամեն օր ամփոփում էինք այս արդյունքները և նախանշում ապագայի պլանը, իսկ հաջորդ օրը մեկնաբանում էինք դրանք՝ ասելով, թե ինչն է ստացվում, ինչը չի ստացվում մեզ մոտ։ Այս մասին գլոբալ կերպով խոսել ենք նոյեմբերի 9-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման տարելիցին։ Ըստ այդմ՝ այս առնչությամբ էլ եղել է ԱԳՆ հայտարարություն»,- հավելել է նա։
Ըստ նրա՝ ընդգծվել է, որ արձանագրված պայմանավորվածությունները, խոսքը երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում, Բաքուն և Երևանը հավատարիմ են մնում դրա բոլոր դրույթների խստիվ պահպանմանը։ «Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շատ մանրամասն խոսել են տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին»,- ասել է Զախարովան։
«Սպասելիքները միշտ կապված են աշխատանքի որակի հետ։ Սպասումների մասին ցանկացած հայտարարություն կարելի է անել, բայց հիմքում աշխատանք պետք է լինի։ Փորձագետները, դիվանագետները, գերատեսչությունների ներկայացուցիչներ աշխատում են ամեն օր՝ ելնելով պետությունների ղեկավարության կողմից իրենց տրված ուղեցույցներից և այն փաստաթղթերից, որոնք համատեղ ընդունվում են։
Մաղթում եմ Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են այդ ուղղությամբ, այդ թվում՝ ռուսական կողմին, նրանց, ովքեր պաշտպանում են իրավիճակը տեղում ցանկացած նոր բարդություններից, առաջին հերթին խաղաղություն, համբերություն, հաջողություն և հաջողություն այս գործում։ Շատ դժվար առաքելություն է՝ բացել ամենաերկարատև, դժվարին և, ցավոք, արյունալի հակամարտություններից մեկը: Եվ հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի՝ հաշվի առնելով այն, որ բոլորը առավելագույն ջանքեր կգործադրեն»,- նշել է Զախարովան։