Կայացել է Գրիգորի Գաբրիելյանցի «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» գրքի շնորհանդեսը
Արցախի պետական համալսարանում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱրՊՀ պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցի (Ղարաբաղցի) «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը։
Արցախի պետական համալսարանից հայտնում են, որ շնորհանդեսը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ պատերազմում հանուն հայրենիքի անմահացած նահատակների:
Գիրքը, որը նվիրված է Արցախի պատմությանը, հիմնված է պատմական իրադարձությունների և փաստերի վրա, որոնց համար աղբյուր են հանդիսացել անտիկ հեղինակների, հայ և օտար պատմիչների, հեղինակավոր հանրագիտարանների և ժամանակակից գիտնականների աշխատությունները։
Շնորհանդեսին ներկա էին ԱՀ նախագահի աշխատակազմի, հանրապետության գերատեսչությունների գործող և նախկին պատասխանատուներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից ներկայացուցիչներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գրիգորի Գաբրիելյանցին՝ գրքի հրատարակման առթիվ՝ ընդգծելով նրա ավանդը պետականաշինության, ինչպես նաև ԱրՊՀ զարգացման գործում:
«Այս աշխատությունը յուրահատուկ կառուցվածք ունի և արժեքավոր է ոչ միայն պատմությամբ, այլ նաև հարակից մի շարք գիտություններով զբաղվողների համար, և այն կարող է լինել լուրջ ուղեցույց Արցախով հետաքրքրվողների ու Արցախի պատմությունն ուսումնասիրողների համար: Մեծ է Գ. Գաբրիելյանցի ավանդը: Նա ոչ միայն պատմաբան, երկրաբան ու հասարակական գործիչ է, այլ նաև խորը գիտելիքներ ունի տարբեր բնագավառներից»,-ասել է ԱրՊՀ ռեկտորը և տեղեկացրել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից հանձնարարական է ստացել սեղմ ժամկետներում գիրքը ռուսերենից թարգմանել հայերեն և տպագրել, որի ուղղությամբ էլ արդեն իրականացվելիք աշխատանքները նախանշվել են:
«Գիրքը հայ ժողովրդի դիմակայելու և պայքարելու յուրահատուկ գաղափարախոսությունն է: Թյուրքական աշխարհի և Ադրբեջանի կողմից անընդհատ փորձ է արվում մեր պատմությունը կեղծելու և խեղաթյուրելու: Գ. Գաբրիելյանցի աշխատությունը հատկապես այս համատեքստում արժեքավոր է»,-նշել է պատմաբան Վահրամ Բալայանը՝ ընդգծելով Գ. Գաբրիելյանցի ազգանվեր գործունեությունն ու իր ժողովրդին ծառայելու նրա գերակա սկզբունքը, որ բոլոր այս տարիներին ծառայեցրել է ի շահ Արցախի:
«Խորենացիական «ոչինչ չավելացնելու և ոչինչ չպակասեցնելու» սկզբունքն է բնորոշ Գ. Գաբրիելյանցի «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» աշխատությանը, ինչն էլ պատմագիտական առումով այն դարձնում է հավաստի ու ծանրակշիռ»,-ընդգծել է պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը և կարևորել հատկապես գրքի՝ օտարալեզու ընթերցողին ուղղված լինելու հանգամանքը, որը կարող է ստույգ տեղեկություններ հաղորդել Արցախի մասին:
Գրող Սոկրատ Խանյանը որպես սխրանք բնորոշեց մեր ժամանակներում նման աշխատությամբ հանդես գալու փաստը.«Գիրքը ծնվել է ճիշտ ժամանակին: Եկել է այն ժամանակը, որ միայն պետք է խոսենք փաստերի լեզվով: Այս գիրքը գալիս է՝ համալրելու մեր ազգային դեմքն ու դիմագիծը և մեկ անգամ ևս փաստելու, որ Արցախը հայկական է»:
Գրքի հեղինակ Գրիգորի Գաբրիելյանցը (Ղարաբաղցի), շնորհակալություն հայտնելով ներկաներին ու ելույթ ունեցողներին, նշել է, որ հաճելի է, երբ քո կատարած աշխատանքը գնահատվում է:
«Գիրքը, ասես, քո սեփական երեխան լինի, որին գուրգուրելով պահում, մեծացնում ես, հետո բաց թողնում աշխարհ: Այս գիրքը հիմնված է ստույգ փաստերի վրա և նպատակն էր հղում անելով պատմությանն ու երկրաբանությանը՝ արժևորել անցյալը այսօրվա համատեքստում, ասել է թե՝ գլխավոր մեթոդը արդիականությունն է, պատմական փաստերի արդիականացումը», ասել է Գ. Գաբրիելյանցը և ընդգծել գրքի հիմնական ասելիքը. մենք՝ Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդ ենք՝ ծնված և հազարամյակներով ապրած այս տարածքում՝ Արցախում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան